Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորսին` ժամկետ, մեկին` տուգանք

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Այսօր՝ մայիսի 13-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար:

Տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին:

Ելնելով գործի հասարակական հնչեղությունից և կարևորությունից, Հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս ընդառաջել «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերությունների հանդեպ:

«Ալեքս գրիգ» ընկերությունը տուգանվեց

Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում Հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաև «Ալեքս գրիգ» ընկերությունից: Սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:

Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:

Տեղեկացնենք նաև, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ:

Տեղեկացնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը: