Վարչապետն էլի զայրացավ
Վերահսկիչ պալատը կառավարությանն է ներկայացրել իր հերթական ստուգումների արդյունքները։
Կառավարությունը քննարկել է այս փաստաթղթերը, ու վարչապետն այսօր այդ առնչությամբ արդեն մի քանի հանձնարարական է տվել։ Վերահսկիչ պալատի ներկայացրած առաջին եւ գլխավոր խնդիրը վարկային ծրագրերի կառավարման ոլորտին է վերաբերում։ Մասնավորապես, Համաշխարհային բանկից ստացած վարկերին եւ դրանցով ձեռք բերված սարքավորումներին, ծառայություններին: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հանձնաժողովներն աշխատում են շատ ֆորմալ եւ բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում։ Ֆորմալ առումով բոլոր պրոցեդուրաները պահպանվում են մրցույթի հայտարարման ժամանակ, սակայն արդյունքում ձեռք ենք բերում սարքավորումներ եւ ծառայություններ շատ բարձր, անընդունելի բարձր գներով»,- այսօր կառավարության նիստն այս խոսքերով սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վերահսկիչ պալատը պարզել է, որ ինտերնետային կայքերից հնարավոր է նմանատիպ սարքավորումները ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան. «Եթե մեր հանձնաժողովի նախագահները մասնագետներ են, իսկ դա այդպես է, ապա իրավունք չունեն այդ ծառայությունը կամ ապրանքը շատ թանկ մեզ առաջարկել, մանավանդ որ մենք դա ձեռք ենք բերում վարկային միջոցների հաշվին»,- ընդգծեց վարչապետը։
Այդ պատճառով նա եկել է այն եզրակացության, որ հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաեւ մրցույթի բովանդակության համար։