Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Արցախի նախկին պաշտոնյաներին
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, գրում է Ազատությունը։
Խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը ադրբեջանական Report-ին հայտնել է, որ այցի նպատակն էր ստուգել պահման պայմաններն ու կալանավորների հետ վարվելու կանոնները։
«Հանդիպման ընթացքում կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար, ապահովված են անհրաժեշտ գրքերով, հասանելիություն ունեն հեռուստացույցին, էլեկտրոնային գրադարանին, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից», - նշում է Report-ը՝ նաև տեղեկացնելով, որ ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է տրամադրվել։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները կալանավորներին են փոխանցել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները», - նաև ասել է Շիրինովը։