Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումներ չեն արվում․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ չեն արվում,- այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից։ Երկրում չկա պատվաստանյութ։
ԱՆ-ն միջոցառումներ է իրականացնում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման նպատակով: «Արդեն իսկ հայտարարվել են մրցույթներ, սակայն դեռևս դրանք չեն կայացել` ոչ մի հայտ չներկայացնելու հիմքով»,- նշվում է ԱՆ գրավոր պատասխանում։
Դեկտեմբերի սկզբին Հայաստանում առաջին անգամ գրանցվել է Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը։ Այնուամենայնիվ, ԱՆ-ում իրավիճակը չեն գնահատում մտահոգիչ։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը հանրապետությունում կայուն է»,- հայտնեցին ԱՆ-ից։
Դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 72 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8 դեպքով:
Հայաստանում այժմ շրջանառվում են կորոնավիրուսային հիվանդության XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2023թ առաջին 10 ամիսների ընթացքում կորոնավիրուսի 933 դեպք է հաստատվել Հայաստանում, որից 221-ը երեխաների շրջանում։ 2022թ-ին ՀՀ-ում գրանցվել է 101,027 դեպք։
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջությամբ պատվաստված է 18 տարեկան և բարձր տարիքի ազգաբնակչության 46.3 %-ը (1.045.650 մարդ), խթանիչ դեղաչափ ստացել է ընդամենը 4.2 %-ը (94.197 մարդ):
Ըստ ԱՆ-ի՝ նախկինում ձեռք բերված ու չսպառված կորոնավիրուսային հիվանդության դեմ՝ 928.864 դեղաչափ պատվաստանյութ խոտանվել է։ «Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում խոտանվել է Հայաստանին գերազանացապես որպես նվիրատվություն տրամադրված պատվաստանյութը»,- հայտնում են ԱՆ-ից։
Հայաստանի Հանրապետությունը ձեռք էր բերել Կորոնավիրուսային հիվանդության դեմ 4.164.160 դեղաչափ պատվաստանյութ, որից 2.265.600 դեղաչափը որպես նվիրատվություն տարբեր երկրների կողմից։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացվել են «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ», «Կորոնավակ», «Սինոֆարմ», «Մոդեռնա», «Պֆայզեր», «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութերով:
Հարցին՝ COVID-19-ի սահմանափակումներն ու հետագայում դրանց վերացումը ինչպե՞ս են ազդել այլ վիրուսային և մանրէային հարուցիչների շրջանառության վրա, ԱՆ-ից պատասխանել են․ «Համաձայն վարչական վիճակագրական տվյալների՝ սահմանափակումների արդյունքում 2020 թ.-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է վարակիչ հիվանդությունների հիվանդացության զգալի նվազում: Հարկ է նշել, որ սահմանափակումների մեղմացումն իրականացվել է Հայաստանում համաճարակային իրավիճակի գնահատման արդյունքում՝ փուլային տարբերակով, որն էական ազդեցություն չի ունեցել վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշների վրա: Այժմ վարակիչ հիվանդությունների ցուցանիշները գտնվում են մինչև համավարակը գրանցված ցուցանիշների մակարդակի վրա»։