|
Նախաձեռնության շրջանակում թվայնացվել են Արցախի մի շարք կարևորագույն հուշարձաններ: 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմին անմիջապես հաջորդող շաբաթների ընթացքում Թումոյի աշխատակիցները բարձրորակ եռաչափ սկանավորման միջոցով թվայնացրել են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և Բերձորում գտնվող 46 պատմամշակութային վայրեր, այդ թվում Տիգրանակերտը, Ծիծեռնավանքը, Հակի կամուրջը և մի շարք այլ հնագիտական վայրեր, վանական համալիրներ և հուշարձաններ: Արցախում և Հայաստանի սահմանամերձ հատվածներում գտնվող ևս 30 պատմական և մշակութային կոթողներ են սկանավորվել 2022 թվականի նոյեմբերին:
Արդյունքում ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս մանրամասնորեն փաստագրել և ուսումնասիրել պատմամշակութային կարևորություն ունեցող հայկական հուշարձանները՝ նպաստելով դրանց երկարաժամկետ պահպանմանը: Դրանք կարևոր ռեսուրս են կրթական և մշակութային աշխատանքների, ինչպես նաև թվային մեդիա արտադրության համար: Ավելին, եռաչափ պատկերները գիտական հաստատություններին և գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պահպանման և վերականգնման աշխատանքներ:
|