Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Խաչիկյանի հարցը դեռ փակված չէ

Տնտեսություն
fef4a6b1d0d9681b98fbafc50739f6bc

Այսուհետեւ շուկայում խտացված կաթից կամ կաթի փոշուց պատրաստված մթերքները հստակ կտարանջատվեն անարատ կաթնամթերքներից:

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշման նման նախագծով հանդես եկավ ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա ասելով` խտացված կաթի փոշուց պատրաստված կաթնամթերքը իր անվանումը կունենա եւ կմակնշվի:

«Մեր սպառողներն, այսուհետեւ, հստակ կարող են իմանալ, որ դա պատրաստված է խտացված կաթից կամ կաթի փոշուց»,- վստահեցրեց նա` ավելացնելով, որ կաթի տեսակների անվանումները, տեսակը կմակնշվեն, իսկ ներմուծման եւ տեղում սպառման ժամանակ պարտադիր կունենան փորձագիտական եզրակացություն:

Փոխնախարարի վստահեցմամբ` մինչ օրս այս ոլորտում կար վերահսկողություն, սակայն այս որոշման կայացումը որոշակի առումով կկանոնակարգի, շուկայում իրավիճակն ավելի կառավարելի կդարձնի:
ՀՀ Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ընտանեկան նպաստների համակարգին եւ այնտեղ արձանագրված չարաշահումներին: Նա, մասնավորապես անդրադարձավ «Փարոս» ծրագրի զեղծարարություններին, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ ստանում էին նպաստ, որի կարիքն ընդհանրապես չունեին: Նախարարը վստահեցրեց, որ այս պահին համակարգում իրականացվում են լրջագույն բարեփոխումներ:

«Բացի այդ զեղծարարություններից, կան նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Ընտանեկան նպաստ համակարգը պահանջում է լուրջ ուշադրություն եւ լուրջ բարեփոխումներ, որոնք արդեն սկսել ենք եւ որոշակի քայլեր արդեն կատարել ենք: Շատ շուտով կառավարությանը կներկայացնեմ համապատասխան վերլուծություն, թե 2010թ. նոյեմբերից մինչ օրս քանի նպաստառու ընտանիքներ են դուրս մնացել համակարգից միայն այն մարդկանց պատճառով, որոնք իրավունք չունեին նպաստ ստանալու»,- հայտարարեց Արթուր Գրիգորյանը:

Ըստ նրա` առաջին հերթին վերոնշյալ մարդկանցից գումարները կհետգանձվեն, իսկ համապատասխան պաշտոնատար անձինք դրա համար կկրեն պատասխանատվություն. «Շատ շուտով նման որոշման նախագծերը ես կներկայացնեմ կառավարությանը»: Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օրոք բացահայտված չարաշահումներին ու նրան պատասխանատվության ենթարկելուն, ապա նախարարն ընդգծեց. «Քանի դեռ չեն վերջացել ստուգումները, ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր 1/3-ով ավելացնել ԼՂՀ ուսանողներին տրվող բուհական տեղերի քանակը: Ինչ վերաբերում է 2011-12թթ. ուստարվա համար պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայի տեղերի բաշխվածությանը, ապա նախարարն առաջարկեց մի շարք սկզբունքային նորամուծություններ: Օրինակ` առաջին անգամ հատուկ` 10 տոկոսի չափով, անվճար տեղեր կնախատեսվեն բանակից զորացրվածների համար` որպես խրախուսանք: