«Բունտը ոտքերով արտագաղթն է» (տեսանյութ)
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը ողջունում է Ազգային-վիճակագրական ծառայությանը. «Վերջերս ծառայությունը փորձել է իրականության մոտ տվյալներ ներկայացնել: Հրապարակվել է պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները, համապատասխանաբար 35 հազար եւ 62 հազար դրամ»:
Ըստ տնտեսագետի՝ 62 հազար դրամ սպառողական զամբյուղը բավարար չէ միջազգային չափանիշներով ապահոված մարդ համարվելու համար. «Սպառողական զամբյուղն առնվազն պետք է լինի 100 հազար դրամ»:
Պարոն Արիստակեսյանը հիշեցնում է, որ մարդու իրավունքն է ընտանիքի կենսամակարդակն ապահովելը. «Դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, որոնք, ցավոք, չեն իրականացվում»:
Մովսես Արիստակեսյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարվա փետրվար ամսին միայն պարենային զամբյուղն արժեր 36 հազար 600 դրամ. «Սա այն գումարն է, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարողանա ՀՀ Առողջապահության նախարարության սահմանած ցանկով գնի անհրաժեշտ մթերք»:
Նույն ուսումնասիրությունը կատարվել է նաեւ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում. պարենային զամբյուղն հայկական արժույթով մոտ 46 հազար 600 դրամ է, «այն պարագայում, երբ այնտեղ նվազագույն աշխատավարձը մեր երկրի համեմատ 15 անգամ ավել է»:
Տնտեսագետը չի կիսում այն տեսակետը, թե ՀՀ-ում մարդիկ համակերպվել են ստեղծված սոցիալական վիճակին և մասնավորապես, թանկացումների հետ: Իսկ նրանք ովքեր կարծում են, որ ՀՀ-ում սոցիալական բունտի պատճառ չկա, պարոն Արիստակեսյանն ասաց. «Բունտը ոտքերով արտագաղթն է: Այսօր տեղի է ունենում հայ ժողովրդի սպիտակ ցեղասպանություն հայ իշխանավորների եւ օլիգարխների կողմից: Օլիգարխներն անընդհատ հարստացնում են իրենց գրպանները՝ թալանելով մեր եւ մեր ապագա սերնդի գրպանները` դրանով իսկ դատարկելով Հայաստան երկիրը»:
Նրան մտահոգում է այն փաստը, որ ժողովրդի հաշվին հարստություն դիզած օլիգարխները սկսել են արտահանել իրենց կապիտալը. «Մեզանից գողանալով այսօր հեռանում են՝ պարտքը թողնելով մեր վզին»:
Մովսես Արիստակեսյանը վստահ է, որ սոցիալական բունտի պոտենցիալ ներկայացուցիչներ են նաեւ բոլոր քաղաքացիական ծառայողները, որոնք չեն կարողանում գոյատեւել աշխատավարձով եւ կոռուպցիայի զոհ են դառնում: