2.4 մլրդ դրամ պակասուրդ
2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 178.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 181.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 97.3%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը:
Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.5%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, ոչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 14.8 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10.8%-ով (16.6 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 11.1% ով (1.1 մլրդ դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են 141.4 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 795.6 մլն դրամի դիմաց:
2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 30.7 մլրդ դրամից օգտագործվել է 12.7 մլրդ դրամ:
Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 12.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 15.3 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -12.9 մլրդ դրամ: