Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետի շնորհիվ դարձավ քառատրոփ» (տեսանյութ)

Տնտեսություն
eba489c59ee72ea3169a1d917d8b4a7e

«Հայաստանում ինչպես ֆինանսական իրավիճակ, այնպես էլ բանկային համակարգ որպես այդպիսին չկան»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական կայունությանը, տնտեսագետը կարծում է, որ. «Այսքան այս հասարակությանը բռնաբարելուց հետո ցինիզմ է խոսել բանկային համակարգում կայունության մասին: Կայունությունը գերեզմանոցում էլ է կայունություն. բարձր տոկոսադրույքների միջոցով, այո, ոչ մի բանկ չտուժեց, տուժողը ժողովուրդն է»:

Հայաստանում, նրա ասելով` բանկային համակարգը կազմում է տնտեսության ¼-ը, մինչդեռ նորմալ երկրներում, այն կազմում է 100 տոկոս: Բանկերում Հրանտ Բագրատյանի վստահեցմամբ` անպատիժ մթնոլորտ է եւ արդյունքում ուղղակի «կլպում են ժողովրդին»: «Հայաստանի բանկերն այսօր ԱՄՆ դոլարով վարկ են տալիս ու մնում անպատիժ, քանի որ այդ բանկերի տերերն իրենք են»,- նկատեց նա:

Անդրադառնալով ՀՀ կառավարության գնաճի զսպման քաղաքականությանը` տնտեսագետը կարծիք հայտնեց, որ եթե պայքարում են գնաճի դեմ, խնդիր են ունենում բյուջեում. «18 տոկոս գնաճ ունենք, մինչդեռ ասում են, թե բյուջեն 11 տոկոսով գերակատարել են, ուրեմն բյուջեն կրճատվել է: Գնացեք նախարարություններ, հարցրեք, թե որքան են կրճատվել աշխատավարձերը»:

Գնաճը զսպելու համար, ըստ նրա` կառավարությունը սկսել է «թանկացնել փողը»` ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մյուս բանկերը` վարկերի տոկոսադրույքները: «Իշխանություններն անում են քայլեր, որոնք խրախուսում են նոր` քառատրոփ գնաճ: Եթե սովորական գնաճը կոչվում է չափավոր, ապա կառավարության եւ հատկապես այնտեղ գտնվող մեր հանճարի` Տիգրան Սարգսյանի, շնորհիվ այն դարձավ քառատրոփ»,- ընդգծեց նա:

Այժմ Կառավարությունը, ըստ նրա` ընտրության առաջ է` կատարել բյուջե՞ն, թե՞ զսպել գնաճը. «Իրենք այս տարի անպայման կընտրեն գնաճի զսպումը: Ի՞նչ է անում այսօր ԿԲ-ն` ամենաէժանագին, ամենաանմարդկային բանը` փողի գենոցիդ: Բյուջեն գերակատարելու համար անելու համար իշխանությունները ոչ խելք ունեն, ոչ համարձակություն, ոչ էլ քաղաքական կամք, ոչ վարչապետի, ոչ էլ Սերժ Սարգսյանի երեւակայությունն այլ բան չէր էլ կարող թելադրել»:

Վաղը` Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի մասին խոսելիս Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ իշխանություններին ներկայացնելով 3 պահանջ, ՀԱԿ-ը դա ներկայացրել էր իբրեւ երկխոսության համար պայման: «Իսկ երկխոսությունը լինելու է միայն իշխանափոխության շուրջ. կառավարությունը, իշխանությունը պետք է մեզ հետ նստի ու ասի, որ մենք պետք է ձեւավորենք նոր իշխանություն, մենք պետք է ուժերի բալանսը փոխենք, դրանից հետո մենք ձեւավորում ենք ժողովրդական իշխանություն: Ես կարծում եմ, որ դա որպես առաջին քայլ կապված է Սերժ Սարգսյանի հրաժարականով»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: