Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրի հետ: Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել նվիրակին առաքելության ընթացքում իրականացրած գործունեության համար: «Ցանկանում եմ անձամբ Ձեզ շնորհակալական խոսքեր հղել Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման համար, նաև Ձեր անձնական ջանքերի շնորհիվ մենք միշտ զգացել ենք Հռոմի պապի և կաթոլիկ եկեղեցու աջակցությունը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Արքեպիսկոպոս Ժոզե Բեթենկուրը շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար նշել է, որ իր համար մեծ ուրախություն էր այս տարիներին գտնվել Հայաստանում և գործել ի նպաստ Վատիկանի և Հայաստանի հարաբերությունների սերտացման: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին: Հանրապետության նախագահն արքեպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական և քրիստոնեական հազարամյա մշակութային ժառանգության պաշպանության խնդիրների վրա և շեշտել, որ միայն առաջադեմ հանրության, կազմակերպությունների ու նաև Սուրբ աթոռի գործուն քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այդ հուշարձանների նկատմամբ վայրագություններից և հնարավոր ոչնչացումից: