Արցախահայերին ուղղված առողջապահական աշխատանքների ընթացքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 264 անձ շարունակում է իր բուժումը Հայաստանի տարբեր բուժկենտրոններում: Առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է 18 հազար 786 քաղաքացի:
Այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
«264 բուժառուից 94-ի վիճակը ծանր է, 12-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: Այս պահին նրանք ստանում են համապատասխան բուժօգնություն»,- տեղեկացրեց Ջումայանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցներում ընդգրկված են ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իսրայելից եկած թիմեր, առաջիկայում սպասում են մասնագետների նաև Անգլիայից և Իտալիայից:
«Առողջապահության նախարարության համակարգմամբ մի քանի բուժառուներ բուժում են ստանում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Բուլղարիայում: Գործընթացը շարունակվում է: Այսօր արդեն կունենանք պացիենտներ, որոնք իրենց բուժումը կշարունակեն Իսպանիայում»,- ասաց փոխնախարարը:
Առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 18 հազար 786 քաղաքացի, այդ թվում՝ 5600 երեխա։ Հաշվառվածների թվում ավելի քան 250 հղի կին կա: Նրանք ստանում են համապատասխան բուժում:
Նշվեց նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բուժումն իրականցվում է պետական պատվերի շրջանակներում: