A
A
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ:
Նախարարը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:
«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը:
Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների հարցին. «Վստահ եմ՝ բոլորին կկարողանանք առաջարկներ անել, քանի որ մեր համակարգում կա ուսուցիչների պակաս, և բոլոր դպրոցներն էլ պատրաստակամ կլինեն ներառել նրանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Այս համատեքստում Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենը նշել է, որ ունեն ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի թափուր հաստիք: Տնօրենի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից իրենց բնակավայր տեղահանված քաղաքացիների շրջանում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, այնպես որ կկարողանան աշխատանքի անցնել դպրոցում:
Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել: