Ի՞նչ գումարով է հնարավոր հանգստանալ Ջերմուկում
Աջակցիր «Ա1+»-ին
Ջերմուկում մատչելի հանգստի տարբերակ կա՞: Տեղացիներին ամենահաճախ տրվող հարցն առողջարանային քաղաքում մատչելի գիշերակացի հնարավորության մասին է: Այս հարցի պատասխանը մեկն է. այո՛, Ջերմուկում մատչելի հանգստի տարբերակներ էլ կան:
Տարիներ շարունակ Ջերմուկը զբոսաշրջիկների շրջանում համարվել է բարձրակարգ առողջարանային հանգստի թանկարժեք տարբերակ: Այս կարծրատիպը, սակայն, կոտրվել է: Քաղաքում վերջին տարիներին ավելացել են փոքրիկ հարմարավետ հյուրատները՝ ջերմուկյան լիարժեք հանգստի հնարավորութուն ընձեռելով բոլոր ցանկացողներին:
Լայֆ հյուրատունն առաջարկում է երկտեղանոց սենյակներ՝ առանձին լոգասենյակներով: Ցանկության դեպքում հյուրերը կարող են օգտվել հյուրատան խոհանոցից, կանաչապատ հանգստի գոտիներից ու տաղավարներից: Երկու անձի գիշերակացը երկտեղանոց սենյակում 10-12.000 դրամ է՝ կախված սեզոնից։
Եվ Մարի հյուրատունը գործում է 2002թ-ից: Այն միաժամանակ կարող է ընդունել 30-35 հյուր: Երկու անձի գիշերակացը երկտեղանոց սենյակում 10.000 դրամ է, նախաճաշը ներառյալ՝ 14.000 դր: Մեր այցելության պահին հյուրատան բոլոր սենյակները զբաղված էին:
Անուշ հյուրանոցում սենյակներն ընդարձակ են, հյուրերին տրամադրվում է անվճար wifi, հեռուստացույց, սառնարան և այլ անհրաժեշտ հարմարություններ՝ լիարժեք հանգստի համար: Այստեղ գիշերակացը երկու անձի համար 16.000 դր է: Հյուրանոցն առաջարկում է նաև նախաճաշ՝ հավելավճարով:
Նշված բոլոր հյուրատները Ջերմուկի կենտրոնում են, մի քանի օր ամրագրելու դեպքում գործում են զեղչեր:
Ընդամենը 5 րոպե քայլելով հյուրերը կարող են հասնել Ջերմուկի հանրահայտ Ըմպելասրահն ու համտեսել բուժիչ հանքային տաք ջրերը, վայելել առողջարանային քաղաքին բնորոշ գրավչությունները, լուսանկարվել զբոսաշրջիկների սիրելի բնապատկերի՝ Ջրահարսի վարսեր անունը կրող ջրվեժի ֆոնին, ինչպես նաև օգտվել մարզային զբոսաշրջային տուրերի բացառիկ առաջարկներից: