«Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց, իսկ «Արարատ-Արմենիան» ձեռքից բաց թողեց այն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ակումբներն այսօր նույն ժամին երկու հանդիպում անցկացրին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:
Հայաստանի անցած առաջնության փոխչեմպիոն «Փյունիկը» Աբովյանում ընդունեց էստոնական «Նարվա Տրանսին» և հաղթեց 2:0 հաշվով: Փյունիկցիները գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում:
Հայաստանի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում հյուրընկալեց ալբանական «Էգնատիային»: Դաշտի տերերն առաջին խաղակեսում չնայած բացեցին հաշիվը, սակայն երկրորդի կեսի վերջին րոպեին գոլ ընդունեցին սեփական դարպասը և ձեռքից բաց թողեցին մոտալուտ հաղթանակը՝ 1:1: Նման վերջաբանի պատճառն այն էր, որ ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիան» խաղում էր խորը պաշտպանությունից, ինչը զարմացրել էր անգամ «Էգնատիայի» գլխավոր մարզիչ Էդմիր Տետովային:
«Մենք չէինք սպասում, որ «Արարատ-Արմենիան» պաշտպանողական խաղ կցուցադրի: Դա մեզ հնարավորություն տվեց երկրորդ կեսում փոխել տակտիկան և հասնել հաջողության», - խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ասաց 40-ամյա մասնագետը:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նման խաղաոճը բացատրեց թիմի ֆիզիկական ոչ լիարժեք պատրաստվածությամբ:
«Ես դժգոհ չեմ ֆուտբոլիստների խաղից: Նրանք այսօր արեցին այնքան, որքան որ ներում էր պատրաստվածությունը: Երկրորդ խաղակեսում մեզ չէր հաջողվում պահել գնդակը, որի պատճառով ստիպված էինք պաշտպանվել», - նշեց փորձառու մասնագետը:
Հավելենք, որ այս թիմերի պատասխան խաղերը կկայանան հուլիսի 20-ին, մրցակիցների հարկի տակ: