Ստեփանավանի պոլիկլինիկայում ալերգիայից մահացել է 36-ամյա պարեկը. նրա մահվանից 1 ժամ առաջ էլ մահացել է նրա տատիկը․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Ստեփանավանի պոլիկլինիկայից «Կվինկեի այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը գիտակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով, հանկարծամահ է եղել: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ և իր մահից 1-1,5 ժամ առաջ էլ, ըստ նախնական տեղեկությունների, ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը: Դատաբժշկի նախնական եզրակացությունների համաձայն՝ տատիկի և թոռան դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: