Բացել լրահոսը Փակել լրահոսը
1633678310,0543
A A
Հասարակություն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ուղերձ է հղել փաստաբաններին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ուղերձ է հղել փաստաբաններին, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Հարգելի՛ փաստաբաններ,
 
Խորին շնորհակալություն եմ հայտնում ի պաշտպանություն փաստաբանական ինստիտուտի ծավալած միասնական, նպատակաուղղված և համակարգված գործողություններին ակտիվ մասնակցության համար:
 
Յուրաքանչյուրս մեր կողմից իրականացվող գործառույթներում, ի թիվս այլնի, առաջնահերթ ենք համարում մարդասիրությունը, արդարությունը և մարդու իրավունքների պաշտպանության գործում  նշված գաղափարների իրագործման հետևողականությունը:
 
Մեզ՝ փաստաբաններիս, որպես մեկ միասնական ընտանիքի, հատուկ է արժանապատվության բարձր զգացումը,  քանի որ հնարավոր չէ արժանապատիվ պաշտպանել այլոց իրավունքներն առանց այդ զգացման կրողը լինելու:
 
Ձեր ցուցաբերած պատրաստակամությունը և գործողությունները վերահաստատեցին փաստաբանական համայնքի ուժեղ և միասնական, վճռական և աներկբա լինելու փաստը:
 
Նկատի ունենալով, որ առաջադրված պահանջները դեռևս չեն կատարվել, առաջիկա օրերին կիրականացվեն թիրախային միջոցառումներ, կհրավիրվի ակումբի նիստ որտեղ կամփոփվեն իրականացված ակցիաների արդյունքները և կհայտարարվի ձեռնարկվելիք հետագա քայլերի և գործողությունների ուղին:
 
Հ.Գ. Իրավական պետությունում պետք է գործնականում հաստատվի այն ճշմարտությունը, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է պետությունից պահանջելու` վերականգնել և պաշտպանել իր ոտնահարված իրավունքները», ասվում է ուղերձում:
 
Հիշեցնենք, որ փաստաբանները հունիսի 26-ին, մեկօրյա գործադուլ էին հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին: