Բացել լրահոսը Փակել լրահոսը
eb35b632d51cc27f6a88c9f2f7f379d5-1
A A
Պաշտոնական

Հրապարակվել է ՄԻՊ՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

 
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հունիսի 26-ին, հրապարակել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: 
 
Անդրադարձ է կատարվել 2022 թվականի ընթացքում մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներին և ազատությունից զրկված անձանցից ստացվող անհատական բողոքներով բարձրացված համակարգային բնույթի հարցերին:
 
Դրանք մանրամասն վերլուծվել և ամփոփվել են սույն զեկույցի շրջանակներում, ինչպես նաև տրվել են բարձրացված խնդիրների լուծման առաջարկներ:
 
Ներկայացվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր, ոլորտում իրականացված աշխատանքները, լուծված և չլուծված խնդիրները:
 
Վերլուծվել և համապատասխան առաջարկներ են ներկայացվել քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման վայրերում և Ոստիկանության բաժիններում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման, սննդի, պահման պայմանների բարելավման, սանիտարահիգիենիկ պայմանների, արտաքին աշխարհի հետ կապի, վերասոցիալականացման, կրթության, զբաղվածության և այլ հարցերի կապակցությամբ:
Հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներին, որոնք արդիական են դարձնում ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը:
 
Հարկ է նշել, որ Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեությունն իրականացվում է անաչառ, ապաքաղաքական ու պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքներին խիստ համապատասխան՝ հանրային մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: