Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել եւ բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին:

Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների համար ճանաչողական այց է կազմակերպվում Ռուսաստանի եւ Բելառուսի այն տարածքներ, ուր տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից տեղեկանալով ծրագրի մանրամասներին` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ տարի հաստատել էր Հայաստանի մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարարության եւ <<Մոսկվայի տան>> հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել է 20 աշակերտ, որոնք վաղը կմեկնեն Մոսկվա, այնուհետեւ գնացքով կուղեւորվեն Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է պատանիներին` խորհուրդ տալով այլազգի հասակակիցներին ներկայացնել մեր երկիրն ու խոսել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հերոսական պատումների եւ մեծ ավանդի մասին: <<Հիշեք, որ հայ եք, անկախ Հայաստանի քաղաքացի եւ հենց այդ զգացումներով էլ ընկերացեք ձեր տարեկիցների հետ>>,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` բարի երթ մաղթելով նրանց:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ուղեկցելու է աշակերտներին ճամփորդության ընթացքում: Նրա խոսքով նախագիծը կարեւորվում է նոր սերնդին մեր նախնիների հերոսական անցյալի հետ ծանոթացնելու առումով, իսկ պատանիները

հնարավորություն են ունենալու տեղում տեսնելու եւ պատկերացում կազմելու մեր հերոսական պապերի կողմից կերտած հաղթանակի մասին:

Խոսելով ծրագրին իրենց մասնակցությունից` աշակերտները նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են գնացքով ուղեւորվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի բովով անցած քաղաքներ եւ շատ բան ունեն պատմելու մեր երկրի, մեր սովորույթների մասին:

Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել <<Հիշատակի գնացք>>` ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ: