Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 5-ը հունիսի. «Ա՛զգ, սա՞ է քեզ համար սրբություն, սպասի հերը անիծեմ» (տեսանյութ)

 

1998-ի հունիսի 5-ին կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նման հանձնաժողով ստեղծելու եւ հանձնաժողովի ղեկավարումը Պարույր Հայրիկյանին հանձնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահի ընտրության առաջին փուլից հետո, եւ 2-րդ փուլում Հայրիկյանը սատարել էր Քոչարյանին։

2000-ի հունիսի 5-ին ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Նա կալանավորվել էր Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա եւ Հունանյանի ցուցմունքի փոփոխության շնորհիվ էլ հայտնվեց ազատության մեջ։ Նույն այդ օրը դատարանն ապացուցված համարեց Մուշեղ Մովսիսյանի եղբոր՝ Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը ապօրինի զենք պահելու, խաբեությամբ առանձնակի խոշոր չափի գույքի տիրանալու եւ թմրանյութեր պահելու վերաբերյալ։ Սակայն, հաշվի առնելով մասնակցությունն Արցախյան ազատամարտին՝ դատարանը սահմանեց պատժաչափ, որով 15 օր անց Առաքել Մովսիսյանը նույնպես ազատության մեջ էր։

2000 թվականին բանկոմատների տեղադրումն իրադարձություն էր։ Հունիսի 5-ին տեղադրվեց թվով 4-րդ բանկոմատը, բայց սա առաջինն էր, որ ամբողջությամբ բաց վիճակում տեղադրվում էր փողոցում։ Կարեն դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո սրվել էին հարաբերությունները նրանց հիմնած «Միասնություն» դաշինքի ներսում։ Արդյո՞ք կհաջողվի պահպանել խաղաղ գոյակցությունը ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ։

2003-ի այս օրը «Արդարություն» դաշինքը հրաժարվեց նորընտիր խորհրդարանը բոյկոտելու գաղափարից եւ որոշեց վերցնել պատգամավորական մանդատները։

2006-ի հունիսի 5-ին շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Թուրինում դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ 2008-ի հունիսի 5-ին մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում ներկայացրեց միամանդատ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը։ Սա լավ մտածված եռաքայլ կոմբինացիա էր, որի արդյունքում նույն ընտրատարածքից պատգամավոր, ապա ԱԺ նախագահ ընտրվեց Աբրահամյանի հարազատ եղբայր Հովիկ Աբրահամյանը, ով տվյալ պահին նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։

2009-ի այս օրը դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոնին վճարի 3 մլն դրամ 620 հազար դրամ եւ թերթում հերքում տպագրել։ Հիշեցնենք, որ թերթի դեմ դատական գործ էր սկսվել հրապարակումից հետո, թե Լեւոնը հարբած վիճակում անկարգություններ է արել եւ ձերբակալվել Դուբայում: Հանրապետության հրապարակը վերակառուցելու՝ Նարեկ Սարգսյանի նախաձեռնությունը բնապահպանները համարում էին հանցագործություն։ Բնապահպանների արծարծած թեմայի շարունակումն էր նույն օրը բացված լուսանկարչական ցուցահանդեսը, որում ներկայացված էին 20-րդ դարասկզբի Երեւանի պատմամշակութային շինությունները պատկերող լուսանկարներ։ «Թամանյանական Երեւանը պահպանվել է միայն լուսանկարներում»,- համոզված էին ցուցահանդեսի կազմակերպիչները։