Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․3-ը հունիսի․ Կանաչապատ տարածքները վերածվում են գեներալների դղյակների (տեսանյութ)

1993թ. հունիսի 3-4-ին Հռոմում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի իննյակի խորհրդաժողովը քննարկեց Արցախի խնդրի վերաբերյալ անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը։

1997-ի այս օրը ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույցի էին անում թոշակառուները։ Նրանք բավարար չէին համարում հաշմանդամություն ունեցողների եւ թոշակառուների համար նույն օրը քննարկվող օրինագծի սահմանած արտոնությունները։ Թեպետ ցուցարարներին չհաջողվեց հանդիպել խորհրդարանի նախագահին, բայց հենց վերջինի առաջարկով օրինագիծը հանվեց օրակարգից՝ լրամշակման եւ հաջորդ նստաշրջանում ներկայացվելու նպատակով։

«Հայաստանը լքածներն ընտրողների ցուցակի 20 տոկոսն էին կազմում, եթե նույնիսկ չխոսենք ցուցակներում ընդգրկված մահացածների մասին»,- 1999-ի հունիսի 3-ին պնդում էր «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը։ Նա նաեւ հանրության հատուկ ուշադրությունն էր հրավիրում մեծամասնական ընտակարգով ընտրված պատգամավորների վրա։

«Հաղթանակ» զբոսայգու հարակից կանաչապատ տարածքը շարունակում է զոհ գնալ բանակի գեներալների դղյակների կառուցման ծրագրին։ Հերթական հողհատկացումն է արվել եւ ծառերի հերթական սպանդն իրականացվել։

ԵՊՀ ռեկտորին ու գիտխորհրդի նիստի մասնակիցներին անակնկալի բերեցին ազգագրության ամբիոնի ուսանողները, ովքեր ազգային ծիսակարգի համաձայն նշում էին Համբարձման տոնը՝ յոթ աղբյուրից բերված ջուր, յոթ երփներանգ ծաղիկներից կազմված պսակներ, շենքի բակում՝ մարզական խաղեր եւ ավանդական կաթնով։ Ծիսական դրամահավաքին ոչ բոլոր գիտնականներն էին ֆինանսապես կարող մասնակցել։

2000-ի մայիսի 3-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Սաթիկ Սեյրանյանն Արցախի դատախազության կողմից իրազեկվել էր, որ մի քանի օր անց հրավիրվում է առերեսման նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով մեղադրյալ Վարդան Թաշճյանի հետ։ Խմբագրակազմը փաստը համարում է ճնշման փորձ թերթի նկատմամբ։

2001-ին որոշվեց, որ այլեւս Երեւանում հողհատկացումներն արվեն բացառապես միջազգային աճուրդով։ Իսկ դա չի՞ սպառնում մեր ազգային անվտանգությանը։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը 2009-ի հունիսի 3-ին դատարանի դահլիճում հայտարարեց, որ ինքն իրականում մեղադրվում է ընտրախախտումներ բացահայտելու համար։

2011-ին ՀԱԿ-ը, Լեւոն Զուրաբյանի ղեկավարությամբ, 5 հոգանոց բանակցային խումբ էր ձեւավորել ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ իշխանության հետ բանակցություններ վարելու համար։ Իշխանությունն, ընդունելով երկխոսության անհրաժեշտությունը, չէր ընդունում բանակցության առարկան՝ արտահերթ ընտրությունների անցկացում՝ համարելով, որ նման անհրաժեշտություն չկա։