Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ֆինանսական աջակցության դեպքում երգեհոնը կվերանորոգվի

Կամերային երաժշտության տանը երգեհոնի տեղադրումից գրեթե 45 տարի անց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավարությունը նախաձեռնել է գործընթաց, որի արդյունքում երգեհոնը կվերանորոգվի և նոր շունչ կստանա։
 
Օրերս Նիդերլանդներից հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել երգեհոնն արտադրած «Ֆլենտրոպ» գործարանի մասնագետը, ով իրականացրեց գործիքի ամբողջական ուսումնասիրություն և ախտորոշում, որի հիման վրա կմշակվի վերանորոգման պլանը։
 
Համապատասխան ֆինանսական աջակցության առկայության դեպքում երգեհոնը կվերանորոգվի, և հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու երգեհոնային երաժշտությունն ավելի հարուստ և մաքուր հնչողությամբ։
 
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար: Առաջին համերգին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը:
 
Հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից: