Հայկ Մարտիրոսյանը դարձավ միանձյա առաջատար. «Sharjah Masters 2023»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄԷ-ում ընթացող «Sharjah Masters 2023» միջազգային խոշոր մրցաշարում:
Այսօր կայացած 5-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց վիետնամցի Յու Վենյունին, վաստակեց 4 միավոր և դարձավ միանձյա առաջատար: 13 շախմատիստ ունեն 3,5-ական միավոր: Դրանց թվում է ամերիկահայ Սամուել Սևյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց հնդիկ Սարին Նիհալի հետ:
Այսօր հաղթանակ տարավ նաև Մանուել Պետրոսյանը, որը սևերով պարտության մատնեց ղազախ Ռինատ Ջումաբաևին: Նա և Շանթ Սարգսյանը վաստակել են 3-ական միավոր և այժմ գտնվում են 15-34-րդ հորիզոնականներում: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի խաղաց հունգարացի գրոսմայստեր Վիկտոր Էրդոշի հետ և այժմ 2 միավորով գտնվում է 63-րդ տեղում:
«Չելենջ» խմբում հանդես եկող Էմին Օհանյանը 5 հնարավորից նույնպես վաստակել է 4 միավոր, սակայն բաժանում է 2-6-րդ տեղերը: Այստեղ առաջատարը շվեդացի Վիտալի Սիվուկն է, որն ունի 4,5 միավոր:
Այդ խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանն ընթացիկ տուրում հաղթեց ուզբեկ Սաիդակբար Սայդալիևին, վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ 12-րդ հորիզոնական: