Սա կարող է դառնալ ռուսական ռազմական ներկայության վերջի սկիզբը Լեռնային Ղարաբաղում․ Տիգրան Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Հայաստանը չհրաժարվի իր հայտարարած դիրքորոշումներից կամ չփորձի ձևափոխել այդ դիրքորոշումները, ապա դժվար է լինելու ակնկալել ինչ-որ առաջընթաց այս օրակարգում»․ այս մասին նշում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի միջև հանդիպումներին։
Հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների միջոցով բացել Լաչինի միջանցքը, քաղաքագետը պատասխանեց․
«Այս փուլում՝ Վաշինգտոնում, հնարավոր է Լաչինի միջանցքում առաջընթացի հասնել։ Դժվար էլ է պատկերացնել, որ ադրբեջանցիներն այդ անցակետը կհանեն կամրջից, բայց այս փուլում դժվար է խոսել համապարփակ լուծումների մասին»։
Քաղաքագետի խոսքով՝ հետաքրքրականն այն է, որ օրեր առաջ Երևանը նշել էր, որ Լաչինի միջանցքի շուրջ չի պատրաստվում բանակցել, բայց մյուս կողմից Վաշինգտոնում այդ հարցին անդրադարձ է կատարվել։
Տիգրան Գրիգորյանը չի կարծում, որ միջանցքում անցակետ տեղադրելը կարող է լինել ռուս-ադրբեջանական համագործակցություն․ «Ռուսաստանի գործողությունները դրդում են Հայաստանի հանրությանը նման կարծիքներ ունենալ։ Այն հանգամանքը, որ կամուրջը, գտնվելով ռուսական վերահսկողության ներքո, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, հենց ստեղծում է նմանատիպ խոսակցություններ, բայց կարծում եմ՝ իրականությունն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ի հնարավորությունները մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել են»։
Քաղաքագետը նշում է, որ Մոսկվան կախվածության մեջ է հայտնվել Անկարայից և Բաքվից և այս փուլում չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել Բաքվի հետ․ «Եթե ռուսական կողմից կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, սա կարող է դառնալ ռուսական ռազմական ներկայության վերջի սկիզբը Լեռնային Ղարաբաղում»։
Քաղաքագետը նշում է, որ խաղաղության պայմանագրի այս օրակարգը հենց ադրբեջանական օրակարգ է․ «Սա որևէ միջնորդի կողմից չի դրվել, Ադրբեջանն է դրել այս նախագիծը սեղանի վրա, և կողմերը այդ նախագծի շուրջ են բանակցում»։
Մանրամասները՝ տեսանյութում։