Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73 22.04.
A A
Սպորտ

«Արարատ-73». Սերգեյ Պողոսյանի բենեֆիսը, առաջին միավորը մրցակցի դաշտում

Երևանի «Արարատը» 1973թ ԽՍՀՄ առաջնության երրորդ հանդիպումն անցկացնում է Մոսկվայում, ապրիլի 21-ին: Մրցակիցը տեղի «Սպարտակն» էր, որն առաջին երկու խաղերում պարտություն էր կրել և մտադիր էր վերականգնել այդ բացը:

Հանդիպումը ցուցադրվում է կենտրոնական հեռուստատեսությամբ: Խաղի ընթացքը ցույց է տալիս, որ «Օստանկինոն» ճիշտ ընտրություն է կատարել: Ինչպես նշում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկը», խաղի հենց սկզբից բռնվեց շատ սուր և անհաշտ մրցակցություն: Սպարտակցիներն առաջին իսկ րոպեներից ագրեսիվ են գործում, անընդհատ եզրային ճեղքումներ են կատարում: Դրանից մեկն արդեն 12-րդ րոպեին ավարտվում է գոլով, երբ եզրային պաշտպան Լովչևն անսպասելի միանում է գրոհին և գրավում դարպասը:

«Արարատը» սկզբից դանդաղ և հաշվենկատ խաղ է ցուցադրում, բայց բաց թողած գոլից հետո կտրուկ աշխուժանում է և անցնում գրոհների: Արդյունքում, հինգ րոպե հետո արարատցիները հավասարեցնում են հաշիվը, երբ Նիկոլայ Ղազարյանի եզրային փոխանցումից հետո Սերգեյ Պողոսյանը ակրոբատիկ ցատկով գլխի հարվածով գնդակն ուղղում է դարպասի ներքևի անկյունը:

Դրանից հետո խաղը մի փոքր հանդարտվում է, սակայն թիմերն առիթի դեպքում դիմում են հեռահար հարվածների: Դրանից մեկում «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին «օգնության» է հասնում դարպասաձողը:

Ընդմիջումից հետո նախաձեռնությանը տիրում են մեր ֆուտբոլիսըները, որոնք ավելի բազմաբնույթ գրոհներ են կազմակերպում: Եվ ահա, 53-րդ րոպեին փոխարինման մտած Սերգեյ Բոնդարենկոյի կատարած փոխանցումից հետո կրկին աչքի է ընկնում Սերգեյ Պողոսյանը, որը խառն իրավիճակում առաջինն է կողմնորոշվում և դիպուկ հարված կատարում:

Արարատցիները չեն թուլացնում խաղի տեմպը և շարունակում են մեծ ուժերով գրոհել: Թվում է, որ ուր որ է նրանք նոր գոլ խփեն և կամրապնդեն առավելությունը: Սակայն, «Սպարտակի» դարպասապահ Դարվինը չեզոքացնում է բոլոր վտանգները, իսկ 61-րդ րոպեին դաշտի տերերը հաջող են խաղարկում ազատ հարվածը և Պիսկարյովը վերականգնում է հավասարակշռությունը՝ 2:2: Մնացած ժամանակում արարատցիները փորձում են խփել հաղթական գոլը, առավել ևս, որ խաղավերջում սպարտակցիները մնում են 10 հոգով (անվայել արարքի համար դաշտի հեռացվում է Կոկորևը), սակայն դա նրանց չի հաջողվում: Հաղթողին որոշելու համար նշանակվում է 11 մ հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացնում են երևանցի ֆուտբոլիստները՝ 5:4:

Այս կիսահաղթանակից հետո «Արարատը» վաստակում է 4 միավոր և պահպանում 3-րդ տեղը: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորը», որը երեք խաղում տոնել էր երեք մաքուր հաղթանակ:

Հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացնում է ապրիլի 28-ին, Մինսկում: