Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73 14.04.
A A
Սպորտ

«Արարատ-73». Վերապահումով հաղթանակ չեմպիոնի նկատմամբ

1973թ ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայի խաղացանկն այնպես էր կազմվել, որ «Արարատն» առաջին երկու տուրերում Երևանում նախ հյուրընկալում է փոխչեմպիոն Կիևի «Դինամոյին», ապա չեմպիոն «Զարյային»:

Մեկնարկային տուրում կիևցիների նկատմամբ տարած հաղթանակը մեծ վստահություն էր հաղորդել արարատցիներին, որոնք հենց սկզբից բարձր տեմպ են հաղորդում խաղին: Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում հանդիպումը լուսաբանած Սարգիս Հովիվյանը, հենց դրա շնորհիվ մերոնք մի քանի գոլային պահ են ստեղծում սկզբում, սակայն Ղազարյանի սլացիկ ճեղքումից և Պողոսյանի ընթացքից կատարած հարվածից հետո «Զարյայի» դարպասապահը հրաշքով ետ է մղում գնդակը:

Սակայն, արարատցիները գնալով սկսում են երկար պահել գնդակը, որի արդյունքում թուլանում է գրոհների տեմպը: Ավելին, կիսապաշտպանները տարվում են գրոհներով և շատ քիչ են օգնում պաշտպաններին, որի արդյունքում հյուրերի հակագրոհները բավական վտանգավոր են դառնում: Երկրորդ խաղակեսում այդ հակագրոհներից մեկի ժամանակ «Արարատին» փրկում է դարպասաձողը, իսկ ահա 64-րդ րոպեին Ելիսեևը խլելով գնդակը, միայնակ շրջանցում է մեր կենտրոնական պաշտպաններին և հուժկու հարվածով բացում է հաշիվը:

Գոլից հետո «Զարյան» ամբողջ թիմով «փակվում» է իր տուգանային հրապարակում և փորձում է պահպանել մեկ գոլի առավելությունը: Սակայն հյուրերի հաշվարկը չի արդարացնում իրեն, քանի որ արդեն 70-րդ րոպեին նրանց պաշտապանը վտանգը չեզոքացնելու համար ձեռքով է խաղում: Մրցավարը 11մ հարված է նշանակում, որը վստահ իրացնում է Անդրեասյանը:

Հետագայում հյուրերի դարպասապահի անձնուրաց խաղի շնորհիվ հաշիվն անփոփոխ է մնում՝ 1:1: Առաջնության նոր կանոնակարգով հաղթողին որոշելու համար նշանակվում է 11մ հարվածաշար: Արարատցիները 6 հարվածից իրացնում են չորսը, իսկ վորոշիլովգրադցիները՝ երեքը:

Այդպիսով, «Արարատը» հաղթում է նաև երկրորդ խաղում, բայց դրա համար վաստակում է ընդամենը 1 միավոր: Արարատցիները 3 միավորով հանգրվանում են 3-րդ հորիզոնականում: Երկու տուրից հետո աղյուսակը գլխավորում են «Դնեպրը» և Դոնեցկի «Շախտյորը», որոնք տարել էին երկու մաքուր հաղթանակ:

Հաջորդ՝ 3-րդ տուրը, նշանակված էր ապրիլի 21-ին: