«Արարատ-73». մեկնարկային խաղում՝ կամային հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ին1973 թվականի ապրիլի 7-ին Երևանի «Արարատն» անցկացրեց ԽՍՀՄ բարձրագույն լիգայի առաջնության առաջին հանդիպումը: Մրցակիցը փորձառու և տիտղոսակիր Կիևի «Դինամոն» էր:
Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը, խաղը վստահ են սկսում դինամոյականները: Խաղի 6-րդ րոպեին Պուզաչն աջ թևով առաջ է խոյանում և գնդակը փոխանցում է տուգանային հրապարակ, որտեղ գնդակին առաջինը հասնում է Բլոխինը և ընթացքից գրավում է Ալյոշա Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Հյուրերը շարունակում են նույն ոգևորությամբ գրոհել, սակայն նրանց չի հաջողվում իրացնել գոլային երկու ռեալ պահերը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հանդիպման արդեն 26-րդ րոպեին առաջին փոփոխությունն է կատարում կազմում: Պաշտպան Արմեն Սարգսյանին փոխարինում է կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը: Դրանից հետո արարատցիներն ավելի սահուն և մտածված են պաշտպանությունից անցնում հարձակման: «Արարատն» աստիճանաբար տիրում է նախաձեռնությանը և սկսում է ավելի մեծ ուժերով գրոհել: Իր խաղով հատկապես առանձնանում է թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը: Նրա հաշվենկատ փոխանցումներից հետո նախ Արկադի Անդրեասյանը 34-րդ րոպեին հավասարեցնում է հաշիվը, իսկ 42-ին Նիկոլայ Ղազարյանն առաջ է մղում թիմին:
Երկրորդ խաղակեսը դարձյալ անցնում է «Արարատի» տարածքային առավելությամբ: Կիևցիները 10 րոպեի ընթացքում թարմ ուժեր են մտցնում դաշտ, սակայն դա ոչնչով չի անդրադառնում խաղի ընթացքի վրա: Արարատցիները շարունակում են ակտիվ գրոհել, որի տրամաբանական ավարտը դառնում է 84-րդ րոպեին Ն. Պետրոսյան-Անդրեասյան երկքայլ արդյունավետ կոմբինացիան՝ 3:1:
Այդպիսով, «Արարատն» արդեն առաջին խաղում կամային հաղթանակ է տոնում առաջնության ֆավորիտներից մեկի նկատմամբ: Մրցաշարը հաղթանակով են սկսում նաև Մոսկվայի «Տորպեդոն», Ալմա Աթայի «Կայրաթը», Մինսկի «Դինամոն», Դոնեցկի «Շախտյորը» և Դնեպրոպետրովսկի «Դնեպրը»: Երկրորդ տուրը նախանշված է ապրիլի 14-ին: