Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գերմանիա այցի ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը կարեւոր է Հայաստանի համար:

«Որպես օրինակ ունենալով Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ ուրախությամբ ենք նշում, որ Գերմանիայի տարբեր երկրամասերի հետ համագործակցության խթանումն ու զարգացումն արդեն բարի ավանդույթ է դարձել»,- նշել է նա:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես բարելավում է ներդրումային միջավայրը, հատուկ պայմաններ ստեղծում հեռանկարային նախագծերի համար: ԱԺ խոսնակը, շեշտելով, որ Գերմանիան աշխարհում տեխնոլոգիական առաջատարներից մեկն է, հրավիրել է վարչապետին գործարարների պատվիրակությամբ այցելելու Հայաստան: Հանդիպմանը քննարկվել են մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած անվտանգային խնդիրների մասին:

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքները, հայ ռազմագերիների իրողությունը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի դեմ Արդարադատության դատարանի որոշման շրջանցումը հարցականի տակ են դնում ժողովրդավար պետության ապագան այս աշխարհում»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ գերմանացի գործընկերներից ակնկալում է աջակցություն Հայաստանին՝ ապացուցելու, որ ժողովրդավար պետությունը պաշտպանված է։

․․․․․․․․․․․․

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր․ Մաթիաս Ռյոսլերին:
 
Գերմանացի գործընկերը նշել է, որ տարբեր պաշտոնների բերումով առիթ է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի պատմությանը, մշակույթին առնչվող փաստեր: Նա ընդգծել է, որ ժողովրդավարությանն առնչվող հարցերում պատրաստ է փոխանակվել կուտակված փորձով՝ հավելելով, որ կրթամշակութային եւ ակադեմիական կրթության ոլորտներում էլ պատրաստ են ծանոթանալու հայաստանյան ուսանելի փորձին:
 
Լանդթագի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել տարածաշրջանի ու Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումները, Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած բազմաբեւեռ խնդիրները։
 
․․․․․․․․․․․․
 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին եւ հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանն ԱԺ նախագահը ելույթ է ունեցել եւ պատասխանել հարցերի: Ալեն Սիմոնյանը նշել է, որ եվրոպական արժեքներին հավատարմությունը, Եվրոպական միության երկրների հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում առանձնակի նշանակություն ունեն:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում՝ նա ասել է, որ Հայաստանի՝ լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործում Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ ուժի մեջ մտնելը կարեւոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու եւ Հայաստանում բարեփոխումների հետագա աջակցման հարցում:

«Այսօր մեր առջեւ ծառացել են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է: Ակնհայտ ու փաստարկված ճշմարտություն է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան պատերազմներն ունեին նաեւ հայկական մշակութային ինքնության ու պատմության ոչնչացման նպատակ»,- շեշտել է բանախոսը: Նա փաստարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքները եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակումները: «Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք: Մեր խորին համոզմամբ ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության եւ խաղաղության մթնոլորտի հաստատմանը»,- նշել է ԱԺ նախագահը:

Նա կարեւորել է ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու հանգամանքը, շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանն առաքելության տեղակայման գործում ներդրած ավանդի համար:

Գերմանացի գործընկերները նշել են, որ մեծապես կարեւորում են մեր երկրի հետ հարաբերությունների խորացումը եւ անում այդ ուղղությամբ տեսանելի քայլեր՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել եւ օգտագործել այլ ուղղություններով եւս համագործակցությունը զարգացնելու համար: Նրանք հարցեր են ուղղել շրջափակված արցախահայության գոյաբանական խնդիրների, տարածաշրջանում նկատելի բեւեռացման պայմաններում Հայաստանի դերի եւ եվրաինտեգրմանը նպաստող քաղաքականության շուրջ: