Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հուսամ` իմ երաժշտությունը գույն կավելացնի «Սիդ»-ի մեջ․ Վահան Արծրունի (տեսանյութ)

Պատանի հանդիսատեսի թատրոնում մարտի 25-ին կկայանա Պիեռ Կոռնեյլի «Սիդը» ներկայացման պրեմիերան։

Բեմադրիչը՝ ֆրանսահայ ռեժիսոր Ժիրայր Փափազյանն է, որի առաջարկով էլ որոշել են բեմադրել պիեսը։ «Սիդը հայկական իրականության մեջ երբևէ չի բեմադրվել, ո՛չ Պոլսում, ո՛չ Թիֆլիսում, ո՛չ էլ սովետի ժամանակ»,- նշում է ռեժիսորը։

Պարոն Փափազյանը ստիպված է եղել որոշակի փոփոխություններ կատարել ու կրճատել պիեսը, քանի որ նրա խոսքով, հայ հանդիսատեսը երկար ներկայացումների չի դիմանում։

«Բայց, քանի որ սա Պատանի հանդիսատեսի թատրոն է, միգուցե և իմաստ ուներ կրճատել, որը ես սիրով եմ կատարել»,- ասում է բեմադրիչը։ Հատուկ այս բեմադրության համար հրավիրել են նկարիչ Գարեգին Եվանգուլյանին։ Իսկ երաժշտության հեղինակը՝ Վահան Արծրունին է։

«Երբ Ժիրայրը ինձ առաջարկեց երաժշտություն գրել այս ներկայացման համար, սիրով համաձայնեցի։ Հուսամ, իմ երաժշտությունը գույն կավելացնի «Սիդ»-ի մեջ»,- նշեց նա։

Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի խոսքով՝ շարունակելու են համաշխարհային դասական դրամատուրգների պիեսներ բեմադրելու առաքելությունը և հաջորդը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետն» է։