Բացել լրահոսը Փակել լրահոսը
330918198_597153585084334_8915096101707467725_n
A A
Քաղաքականություն

Եթե հետևենք ադրբեջանական պաշտոնական լրահոսին, ապա ակնհայտ է, որ Արցախում ինչ-որ գործողություններ են նախապատրաստում․ քաղաքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս և իրենց պայմանների հիմքով կատարել սահմանագծման աշխատանքները։

Թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։

 

-Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ, եթե  Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ապա կա մի պայման,  պետք է Լեռնային Ղարաբաղը  պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս և դելիմիտացիայի աշխատանքները պետք է կատարվի իրենց  պայմանների հիմքով։ Սա արդյոք պատերազմի սպառնալի՞ք է․ ինչպե՞ս կմեկնաբանեք

—Սա նոր մոտեցում չէ։ Մեծ հաշվով սա Ադրբեջանի քաղաքականությունն է վերջին մեկ տարվա ընթացքում։ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով հանդես գալով փորձում է հասնել Երևանից՝ Լեռենային Ղարաբաղի հետ առնչվող հարցերում բոլոր դիրքորոշումներից հրաժարվելուն։ Ակնհայտ է, որ այս բոլոր խոսույթները «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ և այն հանգամանքը, որ նրանք օգտագործում են պայմանական սահման եզրույթը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին խոսելիս, ունի մեկ նպատակ, որպեսզի հասնեն ԼՂ հարցի վերջնական փակմանը։ Չնայած նրանք ասում են, որ հարցը փակված է, բայց մենք տեսնում ենք, որ գետնի վրա  դեռևս  խնդիրներ գոյություն ունեն։

 -Արդյոք պետք չէր, որ Հայաստանը արդեն դիմած լիներ ՄԱԿ-ի էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակ։

 — Կարծում եմ, որ մոտ ապագայում նման քայլեր կտեսնենք Հայաստանի կողմից և ոչ միայն այդ գրասենյակի հետ կապ կհաստատվի և պաշտոնապես ուշադրություն կսևեռվի Ադրբեջանի հռետորաբանությանը, այլ նաև ՄԱԿ այլ կառույցներում հարցը կբարձրացվի։

Եվրադիտորդները ինչքանով կզսպեն Ալիևին, այս երկու տարիների ընթացքում։ Ո՞ր դեպքում Ալիևը հաշվի չի առնի նրանց ու կգնա պատերազմի։

 —ԵՄ դիտորդները ինչ-որ չափով մեծացնում են Հայաստանի տարածքում նոր էսկալյացիայի գինը, սակայն, եթե Ալիևը գիտակցի, որ նոր էսկալյացիայից ավելի շատ բան է ստանալու, քան կորցնելու, ապա վստահաբար դիմելու է այդ քայլին Հայաստանի տարածքում։ Այսինքն` դժվար թե դիտորդները կարողանան զսպել էսկալյացիան։ Այս փուլում էսկալյացիայի վտանգը ավելի մեծ է Լեռնային Ղարաբաղում, եթե հետևենք ադրբեջանական պաշտոնական լրահոսին, ապա ակնհայտ է, որ հենց Արցախում են ինչ-որ գործողություններ  նախապատրաստում։

Ըստ Ձեզ, խաղաղության պայմանագրի մեջ Արցախի մասին կետ պե՞տք է լինի, թե ոչ։ Եվ ինչպիսի՞ բովանդակությամբ եք այդ կետը  պատկերացնում։

 —Ինչպես գիտենք համաձայնություն կա երկու օրակարգերը տարանջատելու վերաբերյալ։ Եթե ինչ-որ կետ լինի, ապա դա պետք է լինի բանակցային մեխանիզմի ստեղծման մասին և միգուցե այն հանգամանքը արձանագրելու մասին, որ հակամարտությունը ավարտված չէ և բանակցություններ պետք է լինեն։ Բայց Ադրբեջանը դժվար թե համաձայնի նման բովանդակությամբ կետերի ներառմանը, կամ ընդհանրապես դժվար թե համաձայնի ինչ-որ միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծմանը, կամ էլ այն հանգամանքի արձանագրմանը, որ հակամարտությունը ավարտված չէ։

Ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողանում իր առջև դրված պարտականությւոնները կատարել, ապա հենց ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ  ԼՂ-ում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար։ Որքանո՞վ է այս հայտարարությունը լուրջ։

—Սա ավելի շատ քարոզչական նպատակներով արված հայտարարություն է։ Պարզ է, որ ՌԴ-ն որևէ պարագայում չի դիմելու երրորդ ուժերի կամ կառույցների` ինչ-որ աջակցություն խնդրելու համար, կամ կասկածի տակ դնելու սեփական կարողությունները անվտանգությունը ապահովելու հարցում։ Ինչքան էլ վատ լինի իրավիճակը Արցախում, ինչքան էլ չկարողանան կատարել իրենց պարտականությունները, սա ավելի շատ մեղքը ռուսների վրա գցելու և ինչ-որ չափով պատասխանատվությունից խուսափելու հայտարարություն է։