Դատախազությունը բողոք է ներկայացրել Զ․ Փոստանջյանի գործով արդարացման որոշումից հետո
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է մեղավոր ճանաչել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին։
Ներկայացված վերաքննիչ բողոքում դատախազ Վանանդ Ասատրյանը առաջարկում է ամբաստանյալ Զարուհի Համազասպի Փոստանջյանին մեղավոր ճանաչել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտել տուգանքի՝ 100.000 ՀՀ դամի չափով կամ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Գործը մակագրվել էր Վերաքննիչ դատարանի դատավորներ է Ռոբերտ Պապոյանին, Արմեն Բեկթաշյանին եւ Սեւակ Համբարձումյանին։ Դատավոր Ռոբերտ Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել, քանի որ առաջին ատյանում ինքն էր կայացրել արդարացման դատավճիռ։ Գործը կքննվի այլ կազմով։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրվում էր 2021 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցնելու մեջ։
Առաջին ատյանի դատարանը ապացույցների անբավարարության հիմքով արդարացրել էր Զարուհի Փոստանջյանին։ Դատարանը նաեւ գտել է, որ Զարուհի Փոստանջյանը հանդիսանում է «Երկիր Ծիրանի» քաղաքական կուսակցության ղեկավարը, որպիսի հանգամանքն առավել քան վկայում է այն մասին, որ տվյալ իրադրությունում նա հանդես է եկել որպես քաղաքական գործիչ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավար, իսկ քննության առարկա ելույթը կատարվել է քաղաքական խոսքի համատեքստում: