Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xax
A A
Սպորտ

Ֆուտբիլ. նոր խաղ բոլոր տարիքների և ժամանակների համար

ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանը տարիներ շարունակ զբաղվել է երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցերով: Մասնավորապես՝ 1992 թվականին նրա ջանքերով կյանքի են կոչվել դպրոցական մարզական խաղերը, նախադպրոցական մարզական օլիմպիադաները: 1999-2000թ նրա առաջարկությամբ անցկացվել են նաև քոլեջների մարզական խաղեր:

Ռոբերտ Փոլադյանն այնքան է տարված եղել երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցերով, որ անգամ մտածել է մի նոր խաղ, որը հասանելի է բոլոր տարիքների և ժամանակների համար: Ահա այդ խաղի կանոնները.

«Խաղն անցկացվում է մարզադահլիճում, որի համար անհրաժեշտ են տափօղակով հոկեյի 4 դարպաս, 10-15 ֆուտբոլի գնդակ: Խաղի մասնակիցների թիվը չի սահմանափակվում:

Գնդակները դասավորվում են մարզադահլիճի կենտրոնում բիլյադի գնդիկների դասավորության համանմանությամբ, իսկ մեկ գնդակ տեղադրվում է դրանցից՝ մարզադահլիճի երկարության մեկ քառորդ հեռավորության վրա:

Խաղացողն ոտքով այդ գնդակով հարվածում-ցրում է մնացած գնդակները: Եթե մեկ կամ ավելի գնդակ հայտնվում է դարպասներում, ապա դրանք հանում են և հաշվում այդ խաղացողի օգտին: Խաղը շարունակվում է մինչև դարպասի առաջին չգրավելը, որից հետո խաղը շարունակում է հաջորդ խաղացողը, և այդպես շարունակ: Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, որն ավելի շատ է գրավել դարպասները»:

Խաղի հեղինակն անգամ մտածել է դրա հավանական անվանումը՝ ֆուտբիլ, այսինքն՝ ոտքի բիլյարդ: Ռոբերտ Փոլանդյանը ցանկանում է մարզաձևը կյանքի կոչել Հայաստանում, կամ գոնե օգտագործել ֆուտբոլիստների մարզման ժամանակ: Ըստ նրա դա բարդ գործ է, սակայն ամեն ինչ կախված է պատկան մարմինների և մասնագետների արձագանքից: