Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futboli dproc
A A
Սպորտ

ՀՀ կառավարության աննախադեպ նախագիծը հայկական ֆուտբոլի համար

Հայաստանի Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացրած նախագիծը որի համաձայն Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կկառուցվեն թվով 4 ֆուտբոլի դպրոց։

Ահա ՀՀ կառավարության կայացրած որոշումը․

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն ավելացնել 2,500,000.0 հազար դրամ գումարով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագծի անհրաժեշտությունն ելնում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից 2023-2024 թվականների ընթացքում  Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման»  ծրագրից և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019-2025թթ. ռազմավարությունից, Հայաստանում ֆուտբոլ խաղը խթանելու և  կանոնակարգելու անհրաժեշտությունից:

Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/10 հասցեում գտնվող թիվ  0032, 0015, 002 կադաստրային ծածկագրային կոդով համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր 4 հա մակերեսով հողատարածքը՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունը ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):

ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը (մոտ 1,7 հա, հատակագիծը կցվում է): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800.0 մլն ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):

ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա, հատակագիծը կցվում է), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից: Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):

ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է ընտրվել է Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):

Ընդհանուր, ծրագրի նախնական արժեքը կազմում է 5.0 մլրդ ՀՀ դրամ, սակայն ներկայիս Նախագծով որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի մասով անհրաժեշտության և հնարավորության դեպքում անդրադարձ կկատարվի 2023թ.-ին:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 49-րդ կետի 49.3-րդ ենթակետից՝ «Մարզական նշանակության կառույցների կառուցում և վերանորոգում», որի ակնկալվող արդյունքն է մարզաձևերի զարգացման համար բավարար պայմանների, վերանորոգված, հիմնանորոգված և նոր կառուցված մարզակառույցների ստեղծումը՝ ապահովելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ:

Հավելենք, որ նիստին ներկա գտնված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասել է, որ դա աննախադեպ նախագիծ է հայկական ֆուտբոլի համար։