Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին

«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրվեց օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

 Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրու հեղինակը քանդակագործ, Նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է:

«Լոռվա փոքրիկ դարբնոցի վարպետի օգնականից մինչև օլիմպիական բազմակի չեմպիոն. իր երկրին փառք ու պատիվ բերած, ամբողջ աշխարհում հսկայական հարգանք վայելող Ալբերտ Ազարյանն այսօր էլ մեր կողքին է՝ եռանդուն և հպարտ: Շատ քչերին է բախտ վիճակվել իր կենդանության օրոք ներկա գտնվել իր արձանի բացմանը»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով՝ կիսանդրու բացումը նվազագույն շնորհակալությունն է Ալբերտ Ազարյանին:

«Պետք է կարողանանք մեր լեգենդների, մեր ազգի պատիվը բարձր պահած անձանց մեծարել հենց իրենց կենդանության օրոք»,- նշեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: 

Քանդակագործ Գերասիմ Շահվերդյանն էլ հավելեց, որ արձանը կառուցելու առաջարկը ստացել է դեռևս 2013 թվականին: Քանդակի վրա աշխատել է 1-2 տարի: