Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար 5
A A
Հասարակություն

Ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել ամանորյա զարդարանքների համար ճարտարապետական ժառանգության վնասումը

Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճարտարապետների պալատը։
Հայտարարությունն ամբողջությմբ՝ ստորև․ 
 
Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պարզաբանում է պահանջում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես՝ առկա՞ է արդյոք նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։
 
Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել, արժևորել և պահպանել ոչ միայն մայրաքաղաքի թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։
 
Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ։