Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 7-րդ օր. Արգենտինայի հավաքականի վերջին շանսը

Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 2-րդ տուրի հանդիպումները C և D խմբերում:

 

Թունիս – Ավստրալիա

Խաղի սկիզբը՝ 14:00

Թունիսի հավաքականն առաջին տուրում պատվավոր ոչ-ոքի է խաղացել Դանիայի ընտրանու հետ՝ 0:0, իսկ ահա Ավստրալիան 1:4 հաշվով պարտվել է գործող չեմպիոն Ֆրանսիային: Դա նշանակում է, որ կանաչ աշխարհամասի ֆուտբոլիստներն այլևս նահանջելու տեղ չունեն, իսկ հյուսիսաֆրիկյան հավաքականը  կմնա պայքարի մեջ անգամ անհաջողության դեպքում: Թիմերի միջև նախկինում կայացած միակ խաղում 2:0 հաշվով հաղթել են թունիսցիները:

  

Լեհաստան – Սաուդյան Արաբիա

Խաղի սկիզբը՝ 17:00

Լեհաստանի հավաքականն առաջնությունը մեկնարկել է Մեքսիկայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ ահա Սաուդյան Արաբիան անակնկալ հաղթել է Արգենտինայի ընտրանուն՝ 2:1: Լեհերի համար խաղը կարևոր նշանակություն ունի, քանի որ նոր միավորներ կորցնելու դեպքում նրանք կհայտնվեն բարդ իրավիճակում: Սաուդյան Արաբիան հաղթելու դեպքում ժամանակից շուտ կմտնի փլեյ-օֆֆ: Թիմերի միակ հանդիպումն ավարտվել է լեհերի առավելությամբ՝ 2:1:

 

Ֆրանսիա – Դանիա

Խաղի սկիզբը՝ 20:00

Աշխարհի գործող չեմպիոնը վստահ է սկսել իր տիտղոսի պաշտպանությունը՝ առաջին խաղում ջախջախելով Ավստրալիային՝ 4:1: Հաջողության դեպքում ֆրանսիացիները կլուծեն փլեյ-օֆֆ մտնելու հարցը: Դանիան մեկնարկում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Թունիսի հետ: Ցանկացած ելքի դեպքում թիմը դեռ կպայքարի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

 

Արգենտինա – Մեքսիկա

Խաղի սկիզբը՝ 23:00

Ամերիկյան դերբին անչափ կարևոր նշանակություն ունի կողմերի համար, քանի որ երկուսն էլ միավորներ են կորցրել առաջին տուրում: Արգենտինացիներն անսպասելի պարտվել են Սաուդյան Արաբիային՝ 1:2, իսկ մեքսիկացիները 0:0 են խաղացել Լեհաստանի հետ: Հաջորդ փուլ մտնելու համար նրանց այժմ հարկավոր է հաղթանակ, հատկապես՝ հարավամերիկացի ֆուտբոլիստներին: