Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն Հասարակություն

Սուրեն Պապիկյանը գիտի՞ այդ մասին․ Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)

«Եթե դուք չունեք փորձաքննություն, ինչպե՞ս եք անզգուշության մասին խոսում: Դա միտումնավոր է արվում, որ հետագայում որպես սկզբնական վարկած այդպես էլ թողնեն։ Ու հավատացեք, չգիտեմ էլ ինչեր հայտնաբերելու դեպքում այդ վարկածը չի փոխվելու։ Անզգուշությունն ուրիշ բան է, ահաբեկչության վարկածը հերքելն այլ բան է։ Բայց նրանց շատ էր պետք, որ մեկն ասեր՝ դա ահաբեկչություն չէ, մյուսն էլ ասեր՝ անզգուշություն է եղել։ Ես տարակուսելի եմ համարում առանց փաստարկների նման հայտարարություն անելը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։

Խոսելով ընդհանրապես սպանությունների, կրակոցների, բանակում եղած պատահարների մասին՝ Ալեքսանյանն ասում է՝ Հայաստանը դարձել է լքված մարդկանց երկիր։ «Ինչո՞ւ եք սպանված զինծառայողի մարմինը տալիս պարկի մեջ՝ տկլոր վիճակում։ Սուրեն Պապիկյանը գիտի՞ այդ մասին»,- հավելում է նա։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հղած նոտային։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «վրդովված է «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում հասցեագրված ռուսաստանյան կառույցներին»։

«ՌԴ-ն այդպիսով ցույց է տալիս իր բացարձակ իշխանությունը Հայաստանի նկատմամբ, ճիպոտը ձեռքին դասեր է տալիս այն բանի համար, որն իրենց սրտով չէ։ Ի՞նչ իրավունք ունի նման նոտա հղելու, եթե այդ խոսակցությունները պետական մակարդակով չեն, պաշտոնական մակարդակով չեն։ Բայց ո՞վ է զսպելու ՌԴ-ին, ո՞վ է փակելու ՌԴ-ի բերանը, որ չհամարձակվի նման հայտարարություններ անել»,- հարցնում է Ժաննա Ալեքսանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։