Սա ոչ թե իմ, այլ հայկական ֆուտբոլի նվաճումն է․ Քրիստինե Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կայացած Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի մրցավար Քրիստինե Գրիգորյանը սպասարկել է կիսաեզրափակիչ Իսպանիա - Շվեդիա և եզրափակիչ Իսպանիա - Նորվեգիա հանդիպումները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում միջազգային մրցավարը կիսվել է իր տպավորություններով։.
«Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Դեռ մինչև մրցավայր մեկնելն առաջնությունը սպասարկող մրցավարներին տրամադրել էին բոլոր անհրաժեշտ նյութերը։
Առաջնությունը սպասարկող մրցավարներից մի քանիսին ծանոթ էի դեռ նախորդ միջազգային խաղերից, մնացածի հետ տեղում ծանոթացա։
Չէի սպասում, որ ինձ կընդգրկեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները սպասարկող մրցավարների շարքում, չնայած որ խմբային փուլի հանդիպումները շատ բարձր մակարդակով էի անցկացրել և ֆիթնես թեստերը լավ էի հանձնել։
Երբ իմացա, որ պետք է գործընկերներիս հետ սպասարկեմ Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ աննկարագրելի զգացումներ ունեցա։ Չէի կենտրոնանում այն փաստի վրա, որ սա եզրափակիչն է, հանդիպմանը մոտենում էի որպես հերթական միջազգային հանդիպում, որը պետք է բարձր մակարդակով սպասարկել։
Սա ոչ թե իմ, այլ հայկական ֆուտբոլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի հաջողությունն ու նվաճումն է», - ասել է նա։