Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաձիգ
A A
Հասարակություն

Կրակոցներ Ծաղկաձորում․ սպանվել է Կոտայքի մարզում հայտնի Ծռի Վարդանը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ծաղկաձոր քաղաքի բնակչի(ծնված 1974թ.)` բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին` ժամը 21:00-ին:

Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի  հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Ավելի վաղ դեպքի մասին հայտնել է  shamshyan.com կայքը։ 

Ըստ կայքի՝ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր, ով Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդան» անվամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։