Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դրական տեղաշարժ ենք տեսնում տարածքային և տնտեսական ապաշրջափակման առումով․ Միրզոյան (տեսանյութ)

«Ուրախ ենք լսելու Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից հայտարարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են և պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ և բացել ՀՀ-Թուրքիա սահմանը»

ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը սակայն ընդգծեց մի խնդիր․

«Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև»։

Խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին՝ Միրզոյանը հետևյալ միտքը հայտնեց՝

«Ըստ էության՝ բանակցություններ ասելը թերևս գուցե փոքր ինչ չափազանցված է այս փուլի համար, բայց սկիզբը դրված է»,-նկատեց Միրզոյանը։

Խոսելով Ադրբեջանի հետ գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Միրզոյանը հիշատակեց հայ ռազմագերիների, ինչպես նաև մշակության հուշարձանների ոչնչացման և Բաքվի կողմից հակահայկական հռետորաբանության տարածման մասին։

«Առիթը օգտագործելով՝ ուզում եմ և՛ Բաքվի, և՛ միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս հարցերի վրա»․ եզրափակեց Միրզոյանը: