Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ Դումանյան
A A
Մշակույթ Պաշտոնական Հասարակություն

Վահրամ Դումանյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ․

Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի ԻԿՕՄ առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունն այդ մարտահրավերների դիմագրավման և թանգարանների կարևորագույն դերի, հնարավորությունների ուղղությամբ:

2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն առաջարկում է բացահայտել թանգարանների ուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն, որոնք կարևորագույն գործոններ են համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Պահպանելով հիմնական առաքելությունը՝ հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են՝ դառնալով միջգիտակարգային հանգույցներ, որոնք ավելի ինտերակտիվ են, ճկուն և համայնքակենտրոն:

Ընդլայնելով իրենց դերը որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ թանգարանները թիրախավորում և հասցեագրում են արդի խնդիրները՝ վերարժևորելով իրենց հավաքածուները և ժառանգությունը, ստեղծելով ավանդույթներ, որոնք նորովի են ներկայացնում մեր անցյալը և փոխանցում նոր գաղափարներ՝ կառուցելու ավելի լուսավոր և կայուն ապագա:

Անառարկելի է թանգարանների դերն ազգի պատմության հանրահռչակման, քաղաքացիական և ազգային դաստիարակության, և այս համատեքստում՝ թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական ներդրումը և անձնական նվիրումը թանգարանների զարգացման և կայացման գործում: Կրկին շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ: