Վիգեն Խաչատրյանի երեկվա զեղումը հակասում է իրենց նախընտրական ծրագրին․Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե Փաշինյանը փորձում է իր մեղքը բարդել ու գցել որևէ մեկի գրպանը, ապա թող հստակ ասի, թե միջազգային հանրություն ասելով ինքը ում նկատի ունի՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա հարցադրում արեց, թե ո՞նց է ստացվում, որ տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը Հայաստանի հետ համակարծիք էր, իսկ Փաշինյանի՝ որպես հիմնական բանակցողի պարագայում պահանջվում է ակնկալիքների իջեցում։
Պատգամավորի եզրակացմամբ՝ դա կամ բացահայտ սուտ է կամ էլ իր պատկերացրած միջազգային հանրությունը մի փոքր այլ է։
Մամիջանյանը անդրադարձավ նաև Փաշինյանի այն խոսքին, թե բանակցային արդյունքներն ու պատերազմի հետևանքները նույնն էին լինելու։
Պատգամավորի խոսքերով՝ նախկին իշխանության ժամանակ բանակցությունները այսպիսի խայտառակ իրավիճակ՝ տարածքային կորուստների առումով, չէին ենթադրում։
«Շուշին, Հադրութը երբևէ չեն եղել բանակցային սեղանին»,-ասաց նա։
Մամիջանյանն ընդգծեց, որ բանակցելիս իրենց չի հետաքրքրել՝ Ադրբեջանը դա ընդունում է, թե ոչ։ Իրենք հակված են եղել համանախագահների կողմից պարտադրել Ադրբեջանին գնալ այդ քայլերին։
«Վիգեն Խաչատրյանի երեկվա զեղումը հակասում է իրենց նախընտրական ծրագրին»,-հայտարարեց Մամիջանյանը։