Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված․ Պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հետախուզական տվյալների մասին ոչինչ չասեմ, սակայն դուք գիտեք, որ այդ հարցով, թե անվտանգության խորհրդի նիստում և թե Կառավարության վերջին նիստում ՀՀ քաղաքական ղեկավարությունը ներկայացրեց մտահոգությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ի պատասխան հարցին՝ Հայաստանի սահմաններից ի՞նչ հետախուզական տվյալներ ունեք։
Սահմանային լարված իրավիճակին առնչվող հարցերին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ դրանք զգայուն հարցեր են և դրանց մասին կարող են խոսել միայն պատկան մարմինները, իսկ փոխնախարարը կարող է խոսել միայն ներկա վիճակի մասին։
«Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված։ Փառուխում իրավիճակը շարունակում է մնալ նույնը»,- ասաց Արման Սարգսյանը և շեշտեց, որ մեր խաղաղությունն այս պահին փխրուն է, և անկարելի է, որ նման իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարի տեղակալը այսքան երկար ճեպազրույցում խոսի։
Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ չունենալու խնդրին և հարցին՝ երբ կնշանակվի ԳՇ պետ, պաշտպանության փոխանախարարն ասաց, որ ԳՇ պետի պաշտոնակատարը Կամո Քոչունցն է, ով ունի օրենքով սահմանված բոլոր լիազորությունները և լծակները։
«Բնականաբար նշանակում տեղի է ունենալու։ Եթե ես իմանայի, կասեի՝ վաղը չէ, մյուս օրը։ Ընդհանուր առմամբ դուք կարող եք համարել, որ մենք ունենք ԳՇ պետ, ով կատարում է իր պարտականությունները»,- ասաց փոխնախարարը։
Արման Սարգսյանը լրագրողներին առաջարկեց հարցեր տալ՝ ինչ անել, որ զինվորական ծառայությունը դառնա գրավիչ թեմայի շրջանակներում։
Մանրամասները՝ տեսանյութում։