Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: 

Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան: Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, ինչը տեղի է ունեցել 7 միլիոն դոլարի չափով կաշառքի դիմաց։

Երևանում ցուցարարները լոլիկներ են նետել Հունգարիայի պատվավոր հյուպատոսության շենքի վրա և պատռել Հունգարիայի դրոշը։ Միացյալ Նահանգները նույնպես քննադատել է Սաֆարովին ազատ արձակելու որոշումը։