Եթե ես, իրոք, հանճար եմ, ինչպես Պուշկինը, կմահանամ 37 տարեկանում. Լեոնիդ Ենգիբարով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1935-ի մարտի 15-ին ծնվեց բոլոր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից մեկը՝ Լեոնիդ Ենգիբարովը՝ մարդը դեղին մոլորակից։ Ծնվեց Մոսկվայի Մարյինա Ռոշչայում՝ մեկ հարկանի փայտե տանը: Մայրը՝ դերձակ էր, հայրը՝ «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանի ավագ խոհարարը։
Ավելի անկեղծ, քան նա ինքն իր մասին է գրել, որևէ մեկը չի ասի: «Իմ առաջին հիշողությունները խաղալիքներն ու հոկեյը չէին։ Պատերազմն էր, օդային տագնապ ազդարարող շչակի ոռնոցն ու ռմբակոծությունը, և քանի ապրում եմ՝ հիշելու եմ։ Ինձ համար, օրինակ, երբ արդեն պատերազմից հետո չմուշկներ գնեցին, դա տիեզերական մեծության իրադարձություն էր։ Իսկ առաջին կոստյումը՝ քսան տարեկանից հետո էր։ Սակայն մանկությունը միևնույն է, թանկ է ու ոչ մի տարին ետ չեմ տա, չեմ հանձնի»։
Նա սիրում էր Պուշկինի պոեզիան, Անդերսենի հեքիաթներն ու տիկնիկային թատրոնը։ Հետո, արդեն դպրոցական տարիներին՝ բռնցքամարտը։ Դպրոցից հետո ընդունվեց Ձկնային տնտեսության ինստիտուտ, որտեղ սովորեց ընդամենը կես տարի։ Հետո ընդունվեց ֆիզկուլտուրայի ինստիտուտ ու զբաղվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Իսկ երբ Ռումյանցևի անվան կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանում բացվեց կլոունադայի բաժին, որոշեց դառնալ ծաղրածու։
«Մարդ շատ հաճախ երազում է ձեռք բերել այն, ինչ չունի: Մեր ընտանիքում ես բոլորից առանձնանում էի նրանով, որ բացարձակապես հումորի զգացում չունեի, ինչի պատճառով հետագայում ընտրեցի հենց ծաղրածուի մասնագիտությունը։ Ծաղրածուն պետք է լինի բացարձակապես լուրջ անձնավորություն, որպեսզի կարողանա զվարճացնել մարդկանց։ Մայրիկս շատ էր անհանգստանում։ Ես մեկ մի ինստիտուտ էի ընդունվում, հետո՝ մեկ այլ։ Եվ երբ վերջապես տուն բերեցի դիպլոմը, որտեղ գրված էր, որ ես արտիստ եմ, ծաղրածու՝ միմ, մայրիկս ուրախությունից արտասվեց։ Նա ցանկանում էր որևէ մեկի հետ կիսել ուրախությունը և ասել, որ որդին վերջապես ոտքի է կանգնել։ Վազեց հարևանուհու մոտ, որի տղան վարորդ էր, իմ հասակակիցն էր, դպրոցական իմ ընկերը։ «Մաշա, Մաշա տես, տես»,–ասում է մայրիկս արցունքով լի աչքերը հառած հարևանին և ցույց է տալիս դիպլոմը, որում գրված է ծաղրածու–միմ։ Մաշան նայեց դիպլոմին ու ասաց․ «Տոնեչկա, լաց մի լինի, ոչինչ, դա էլ մասնագիտություն է»։
Ենգիբարովի դեբյուտը կայացավ Նովոսիբիրսկի կրկեսի արենայում, սակայն ելույթը ձախողվեց։ Նա նման չէր սովորական շպարված ծաղրածուների, որոնք զվարճացնում էին հանդիսատեսին՝ կրկեսային համարների ընդմիջումներում։
«Ծանրութեթև անելուց հետո հրաժարվեցի շպարվելու մտքից և որոշեցի իմ հերոսին կոչել Լեոնիդ Ենգիբարով ու ներկայացնել ինքս ինձ»,- գրում էր Ենգիբարովը:
Սև, լայնեզր գլխարկով, շերտավոր շապիկով, սև տաբատով, արտասովոր արտիստիզմով օժտված ու անսահման անկեղծ ժպիտով այդ երիտասարդը տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին և առանց որևէ բառ ասելու հանդիսատեսի հետ խոսում էր հարգանքի, միայնության, ունայնության, սիրո և ատելության մասին:
«Ուրեմն դո՞ւն ես ադ նոր աստղը: Լսել եմ, գիտեմ, մանչս: Ուրախ եմ, լավ սկսած ես, ճիշտ կերթաս: Հայերեն կհասկնա՞ս: Կարևորը` ոգիդ է հայ, բաց ու անհատակ: Դուն կրկեսում թատրոն կխաղաս»,– առաջին անգամ նրան հանդիպելիս` ասել է Վահրամ Փափազյանը։
«Ես հայ եմ, ծնվել եմ Մոսկվայում, ինը տարի եղել եմ ռինգում։ Եթե մեկը ապտակի աջ այտիդ, դու նրան մյուսն էլ դարձրու` պատվիրանը հիմնավորապես սխալ եմ համարում: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ, և երբ 22 տարեկան էի, ինձ մնացել էր արտիստ դառնալ: Գրել սկսել եմ այդ իսկ ժամանակից, ակամա: Ոչ մի հեղինակ չցանկացավ ինձ հետ համագործակցել, և ես ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Սիրում եմ ծովը, աշունը, Վինսենթ վան Գոգին: Վախենում եմ բարեկեցությունից։ Կյանքում ինձ համար գլխավորը պատասխանատվությունն է, ինչը պետք է զգաս շուրջդ կատարվող ամեն ինչի հանդեպ …»:
Ծաղրածուն՝ աշունը սրտում, քայլում էր քաղաքի փողոցներով, հորինում անմիջական ու թափանցիկ իր պատմություններն ու նվիրում մարդկանց, ջերմացնում նրանց սրտերը։ 1964-ին Պրահայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում, Ենգիբարովն արժանանում է առաջին մրցանակին, իսկ չեխական թերթերն առաջին անգամ հրատարակում են նրա նովելները: Պրահայում նա հանդիպեց իր մեծ սիրուն՝ լրագրող, նկարչուհի Յարմիլա Գալամկովային, իսկ մեկ տարի անց ծնվեց Բարբարան։
1971–ին Լեոնիդ Ենգիբարովը հեռանում է «Սոյուզգոսցիրկից» այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի: Հիմնում է մնջախաղի էստրադային թատրոնն ու բեմադրում «Աստղային անձրևը» և «Ծաղրածուի տարօրինակությունները»:
Ենգիբարովը հանճարեղ արտիստ էր, իսկ արտիստի համար կյանքի չափ կարևոր է, որ իրեն ընդունեն ու սիրեն։ «Ես կմահանամ, եթե ոչ մեկը չասի՝ սիրում եմ, իսկ, եթե ես ,իրոք, հանճար եմ, ինչպես Պուշկինը, կմահանամ 37 տարեկանում»։
Նրա երկրային 37 տարին ավարտվեց 1972-ի հուլիսի 26-ին։ Հեռացավ՝ թողնելով սերունդներին կրկեսային ռեպրիզների ու մանրապատումների տեսագրությունների պատառիկներ, իր դերակատարումները՝ Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Վասիլի Շուկշինի, Ռոլան Բիկովի ու Թենգիզ Աբուլաձեի ֆիլմերում: Իր հրաշալի նովելներն ու իր ստեղծած աշխարհը, որն ապրում է հավերժ շարունակությամբ: