Այս պահին Ռուբեն Հայրապետյանի ողջ գույքը գտնվում է արգելանքի տակ․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում արված բացահայտումներ և փաստեր ներկայացրեց կարճված քրգործից։
«Համոզված եմ՝ բոլորը հիշում են, որ 2019 թվականի վերջին ինչ արշավ սկսեց ՀՀ ոստիկանությունը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Բոլորը հիշում են, թե ՀՀ ոստիկանությունը ինչ ուժերով էր խուզարկություն իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների օգտագործմամբ»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, թե ոստիկանությունը որտեղ է խուզարկություններ իրականացրել այս քրգործի շրջանակներում։
ՀՀ ոստիկանությունը բոլոր հնարավոր եղանակներով տարածեց տեղեկություններ, թե իբր Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 միլիոն դրամի յուրացման գործընթաց, որն արտահայտվել է իբրև թե Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության կողմից շինարարական աշխատանքների կատարման ընթացքում 562 միլիոն դրամի աշխատանքներ չկատարելով՝ այդ գումարների յուրացումով։
Փաստաբանը նշեց, որ դրանից հետո սկսվեց մի գործընթաց, որի արդյունքում արգելադրվեց Ռուբեն Հայրապետյանի ողջ գույքը, որը մինչև հիմա կալանքի տակ է։
Փաստաբան Մակինյանը նշեց, որ վերը նշված քրգործը կարճվել է։
«Ա1+»-ի հարցին՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ունեցվածքի արգելանքի հետ կապված ի՞նչ է արվում խնդիրը լուծելու համար, փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ օրենսդրությունը նախատեսում է, որ կարելի է կալանք դնել մեղադրանքի չափով՝ բացառապես և ոչ ավել դատական ծախսերը ապահովելու համար։
«Ռուբեն Հայրապետյանի ողջ գույքը վարույթի ընթացքում պահվել է կալանքի տակ։ Գաղտնիք բացած չեմ լինի՝ Ռուբեն Հայրապետյանը բավականին ունևոր անձնավորություն է։ Եվ 18 միլիոն դրամի մեղադրանքի պայմաններում արգելադրել անձի հարյուրավոր միլիոնների գույքը իրավաչափ չէ»,-պարզաբանեց Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը՝ նշելով, որ համապատասխան միջնորդություններ արդեն ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին, բայց անհիմն պատճառաբանություններով այդ բողոքները մերժվել են։
«Այս պահին Ռուբեն Հայրապետյանի ողջ գույքը գտնվում է արգելանքի տակ, բայց համոզված եմ՝ այսօրվանից հետո այլ վերաբերմուք կդրսևորվի, որովհետև մեղադրանք՝ որպես այդպիսին, գոյություն չունի»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։