ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խոսքը 46 համայնքների 62 ծրագրերի մասին է: Ըստ այդմ՝ Արագածոտնի մազրում նախատեսվում է իրականացնել 14 ծրագիր՝ 194 մլն դրամ ընդհանուր գումարով: Այդ ծրագրերից ամենախոշորն Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է, որի ծախսը կազմում է շուրջ 133 մլն դրամ: Արարատի մարզպետարանին կհատկացվի 94 մլն դրամ՝ 5 ծրագրի համար. ամենախոշորը՝ Նոր Խարբերդի ասֆալտապատման ծրագիրն է ՝ 59 մլն դրամ: Շիրակի մարզում կիրականացվի 2 ծրագիր. ամենախոշորը՝ Գյումրու 8 փողոցների և մեկ հրապարակի հիմնանորոգումն է՝ շուրջ 296 մլն դրամ: Արմավիրի մարզում կիրականացվի 28 մլն դրամի 1 ծրագիր, Գեղարքունիքում՝ 254 մլն դրամի 14 ծրագիր, Լոռու մարզում՝ 184 մլն դրամի 11 ծրագիր, Կոտայքի մարզում 374 մլն դրամի 9 ծրագիր, Վայոց ձորի մարզում՝ 77 մլն դրամի 5 ծրագիր, Տավուշում՝ 52 մլն դրամի 1 ծրագիր:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ում արձանագրված ժողովրդավարության լուրջ առաջընթացին՝ ընգծելով. «Կարևոր է, որ ոչ թե կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունն են այդ առաջընթացն արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախորդ շաբաթ ընդունվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հարաբերությունների պատմության մեջ նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը: Թեմայի հետ կապ ունի այնքանով, որ, բարեբախտաբար, ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ»:
Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը 2018 թվականից սկսած արդեն մոտ 300 մլն դոլարի չափով հատկացումներ է արել ՏԻՄ-երին: «Ընդ որում կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայքնում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար: Սա ստուգելի և ապացուցելի փաստ է: Բայց ժամանակ առ ժամանակ տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե սուբվենցիաների շրջանակում նախատեսվող ծրագրերը իրականացվում են ի հեճուկս կառավարության: Ասենք՝ կառավարությունը դիմադրում է, իրենք էլ, հաղթահարելով կառավարության դիմադրությունը, ենթակառուցվածքային, տրանսպորտային և այլ բարեփոխումներ են իրականացնում: Կարծում եմ՝ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ձևավորել և ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ: Սուբվենցիոն ծրագրերի գործունեությունը, բովանդակությունը պետք է հստակ ներկայացվի հանրությանը, որովհետև մենք ծրագրեր ունենք, որտեղ կառավարության ֆինանսավորման բաժինը ընդհուպ հասնում է 70 տոկոսի: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որպեսզի ՏԻՄ-ին հնարավորություն չտանք ասելու՝ փող չկա: Սուբվենցիան ուղղակի ինչ-որ բան կառուցելու համար գումար հատկացնել չէ, կառավարությունը սուբվենցիոն ծրագրով քաղաքականություն է իրականացնում: Մենք նաև վերանորոգումների տրամաբանությունից զարգացման տրամաբանություն ենք ուզում ներդրել ամբողջ հանրապետությունում՝ Երևանից սկսած հանրապետության ամենահեռավոր համայնքով ավարտած: Եվ ես շատ եմ կարևորում, որ այս աշխատանքը ճիշտ լուսաբանվի և ներկայացվի:
Ընդ որում, մենք գույքահարկի համակարգում արված փոփոխություններով նաև ՏԻՄ-ի կարողությունն ենք ավելացրել: Մյուս կողմից, վերջերս ընդունած օրենսդրական փոփոխություններով, նաև հանքարդյունաբերության ոլորտի շահույթներից ենք որոշակի հատված ուղղել ՏԻՄ: ՏԻՄ ընտրություններում ժողովրդավարությունը լիարժեք ապահովելով՝ հնարավորություն ենք տվել, որպեսզի ՏԻՄ ղեկավարներն ուղիղ պատասխանատվության հարաբերություններ ունենան սեփական ընտրողների հետ: Եվ սա շատ կարևոր հանգամանք է: Եվ եթե մինչև այս համակարգի ներդրումը համայնքի ղեկավարներն ավելի շատ դեմքով ուղղված էին դեպի կառավարություն, ապա հիմա նրանք դեմքով ուղղված են դեպի իրենց ընտրողները: Եվ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ ձեռքբերում է»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ համայնքերում չկա որևէ նկատելի, էական փոփոխություն, որը կառավարության քաղաքականությամբ չի արվել:
Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել 2020-2021 թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, 2020 թ. ամենամեծ ծրագիրն իրականացվել է Սիսիանում՝ 1 մլրդ 929 մլն, որից կառավարության մասնաբաժինը եղել է 1 մլրդ 157 մլն, Քաջարանում՝ 1 մլրդ 686 մլն դրամ, կառավարության մասնաբաժինը՝ 1 մլրդ 180 մլն դրամ, Գյուրիում՝ 965 մլ դրամ, որից 580-ը տրամադրել է կառավարությունը և այլն: Նախարարը նկատել է նաև, որ այն համայքներում, որտեղ իրականացվել են 2020 թ. ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագրերը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ղեկավար չի ունեցել: «Մենք ընդամենն առաջնորդվել ենք նրանով, որ բոլորը մեր բնակիչներն են, բոլորի խնդիրները մերն են և քաղաքական որևէ հարց չենք դրել համայնքի խնդիրները լուծելիս,- ասել է նախարարը: