Իմ սիրտն ու երազանքները Հայաստանում են․ Կոնստանտին Օրբելյան
Աջակցիր «Ա1+»-ինԱ 1+-ը զրուցել է դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ
-Հարգելի մաեստրո, ուրախ եմ, որ դարձյալ առիթ ունենք Ձեզ հետ զրուցելու ընթացիկ ծրագրերի մասին: Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ, չէիք բացառել, որ Դուք կշարունակեք գործունեությունը Հայաստանում: Այսօր դեռ հնարավո՞ր եք համարում դա:
-Շնորհակալ եմ մշտապես իմ նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և շատ հաճելի է, որ դարձյալ առիթ ունենք զրուցելու:
Ինչ վերաբերում է իմ հայաստանյան գործունեությանը, ապա դուք իրավացի եք, ես մշտապես նշել եմ, որ չեմ դադարեցնի իմ կապը հայրենիքի հետ, որովհետև ինձ համար Հայաստանը իսկապես շատ թանկ է, այստեղ ես շատ ընկերներ ունեմ, այստեղ ես սովորել եմ, տարիներ աշխատանքային գործունեություն եմ ծավալել և, ի վերջո, Հայաստանն ինձ համար իմ հորեղբայրն է, նրա հետ կապված հուշերն են:
Վերջին մի քանի տարիների իմ գործունեությունը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում, իսկապես, հագեցած էր տասնյակ նախագծերով, որոնք իրագործեցինք մեր թատրոնի մեծ ընտանիքի ջանքերով, միասնաբար: Ցավոք, հայտնի հանգամանքների հետևանքով մեր բազմաթիվ ծրագրեր կիսատ մնացին, հետո վրա հասավ համավարակը, այնուհետև պատերազմական շրջանը:
Իսկապես բարդ ժամանակներ էին, մենք էլ մեր հերթին փորձեցինք տվյալ իրավիճակում լուծումներ գտնել, աջակից դառնալ մեր զինվորին: Ես մշտապես Հայաստանում ունեցել եմ գործունեության տարբեր ծրագրեր, այսօր էլ սերտորեն պահում եմ կապս իմ հայաստանցի բարեկամների, ընկերների հետ:
Առաջիկայում վստահաբար կգտնենք համագործակցության նոր ուղիներ: Իմ սիրտն ու երազանքները Հայաստանում են: Վստահեցնում եմ, որ ես թեկուզ այս պահին Հայաստանում չեմ, սակայն Հայաստանի հետ կապված ծրագրերը շատ են ու դրանց մասին առաջիկայում անպայման կտեղեկացնենք:

-Ինչպես են այսօր ընթանում աշխատանքային ծրագրերը Նյու Յորքի օպերայում: Ինչպե՞ս ընդունեցիք նոր պաշտոնի առաջարկը: Արդյոք դժվա՞ր էր անցումը նոր գործունեության՝ հաշվի առնելով նաև համավարակի ստեղծած անհարմարությունները:
- Նյու Յորքի միջավայրը ինձ համար հարազատ է: Ես ծնվել եմ ամերիկյան միջավայրում և այստեղ եմ կայացել որպես երաժիշտ: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ երբևէ որևէ պաշտոնի ակնկալիք չեմ ունեցել, սակայն իմ ստեղծագործական գործունեության ընթացքում միշտ էլ բոլոր առաջարկները եղել են անսպասելի և գործունեության նոր ու մեկը մյուսից հետաքրքիր հարթակներ են բացել: Դա լինի Ամերիկայում, Ռուսատանում, Եվրոպայում, թե Հայաստանում: Նյու Յորքի թատրոնից առաջարկը անմիջապես հաջորդեց հայաստանյան գործունեությանը և ուրախ եմ, որ կարող եմ այստեղ նույնպես կյանքի կոչել այնպիսի ստեղծագործական մտքեր, որոնք ավանդույթներ ու պատմություն ունեցող այս թատրոնին կենսական նոր շունչ ու եռանդ կհաղորդեն:
Իհարկե, համավարակը խանգարում է լիակատար թատերական գործունեություն ծավալելու համար, սակայն տարատեսակ բացօթյա համերգաշարերով, տարաբնույթ լուծումներով փորձում ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Այսօր Նյու Յորքի օպերայում տարբեր, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր ենք ներկայացնում: Ինձ իսկապես ոգևորում է ստեղծագործական թիմի ոգևորությունը: Կարծում եմ լավագույն աշխատանքային պայմանն այն է, երբ արտիստը կարևորում է իր կոչումը և թատրոնին ծառայելու գիտակցումով է համակված: Ես, բարեբախտաբար, այդ միջավայրում եմ:

- Վերադառնանք Հայաստան: Ի վերջո գաղտնիք չէ, որ տասնյակ ծրագրեր կիսատ մնացին օպերային թատրոնում, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հետագայում դրանց իրագործումը:
- Իսկապես շատ եմ ափսոսում, որ երկարատև շրջան մենք զբաղված էինք արհեստածին խնդիրների լուծմամբ և չէինք կարողանում լիարժեք զբաղվել թատրոնի ընթացիկ գործունեությամբ, քանի որ ստեղծված պայմաններում դա իսկապես անհնար էր դարձել: Վստահ եմ, որ հետագայում մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց հիմքերն արդեն դրված էին:
Վստահեցնում եմ, որ Հայաստանում մենք ունենք հրաշալի ձայներ, տաղանդաշատ երաժիշտներ, բալետի արտիստներ, որոնց ուժերով կարող ենք մեր երկիրը, մշակույթը հավասարի իրավունքով ներկայացնել ցանկացած երկրում: Եվ քանի որ առիթ եղավ այս մասին խոսելու, պետք է խոստովանեմ, որ ես Հայաստանում մշտապես իմ գործընկերներից, հանդիսատեսից և ինչու ոչ, ժողովրդից զգացել եմ անսահման ջերմություն և հենց այդ հանգամանքով է նաև պայմանավորված եղել իմ աշխատանքային ու ստեղծագործական ոգևորությունը:
- Մաեստրո, արդյոք դժվար չէ լինել աշխարհի քաղաքացի, ի վերջո դա պարտավորեցնող է, աշխատատար, ժամանակատար:
- Ընտրելով արտիստական ուղին, ես դեռ երիտասարդ տարիքից եմ ինձ նախապատրաստել աշխատանքային ու ստեղծագործական գործունեությանը տարբեր երկրներում: Ուրախ եմ, որ կարողացել եմ իմ աշխատած բոլոր երկրներում իրագործել մեծ ծրագրեր, թողնել հետագիծ, որը եղել է ի նպաստ բարձր արվեստի, դասական երաժշտության հանրահռչակման: Այդ երկրներում նաև ընկերներ, բարեկամներ ունեմ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ և փորձում ենք ներկայանալ նոր նախագծերով: Ինձ համար առաջնայինը բարձր արվեստին անմնացորդ ծառայելն է: Հուսամ՝ կարողացել եմ իմ գործունեությամբ օգտակար լինել բոլոր այն երկրներին, որտեղ աշխատել եմ:

- Դուք մշտապես աջակցել եք մեր արտիստների գործունեության առաջխաղացմանը, հնարավորություն եք ստեղծել, որպեսզի մեր արտիստները ներկայանան աշխարհի հեղինակավոր բեմերում: Արդյոք այս ուղղությամբ կշարունակվի՞ աշխատանքը:
-Ես անչափ բարձր եմ գնահատում մեր հայ արտիստներին։
Հիանալի ձայներ ունենք և նրանք արժանի են աշխարհի լավագույն բեմերում ներկայանալու: Մշտապես իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ օգտակար լինել մեր օպերային արտիստներին և այսօր էլ նրանց հետ մշտապես սերտ կապի մեջ եմ: Մեր կապը, ընկերությունը անխախտ է և ես կշարունակեմ օգտակար լինել նրանց՝ միջազգային հեղինակավոր բոլոր հնարավոր հարթակներում ներկայանալու համար:
Ի վերջո սա լավագույն տարբերակներից է մեր կատարողական արվեստը, մեր արտիստներին, մեր մշակույթը առավել ճանաչելի դարձնելու աշխարհին։
Ես մշտապես կարևորում եմ Հայաստանի ու հայ արտիստների հետ սերտ կապը պահելը և ասեմ, որ մեր արտիստների հետ շատ համատեղ նախագծեր կան։
Զրուցեց՝ Ռուզաննա Մկրտչյանը