Որեւէ մեկը չի մտածել, որ Անդրեա Վիկտորինը դեսպան կդառնա. ԵՄ դեսպանն ու ՄԱԿ համակարգողը Նախիջեւանին սահմանակից Խաչիկ գյուղում էին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանին երեք կողմից սահմանակից Խաչիկ գյուղում սպասում են բարձրաստիճան հյուրերի, որոնք ընտրել են հենց այս բնակավայրը Աղջիկ երեխայի միջազգային օրը նշելու համար։
Հյուրերի թվում են նախարար ու մարզպետ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ԵՄ պատվիրակության ղեկավար։
Դպրոցի բակում հավաքված աշակերտներին, բնակիչներին հյուրերը ներկայացնում են ինչպես են կարծրատիպերը խանգարում զարգանալ աղջիկներին, ինչ են անում պետական եւ միջազգային կառույցները դրանք փոխելու համար եւ ինչքան վտանգավոր է պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։
ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը խորհուրդ է տալիս աղջիկներին հավատալ իրենց ուժերին, ծնողներին էլ ՝ ոգեշնչել նրանց։ Իսկ իր հաջողությունների համար դեսպանը ոչ միայն իր աշխատասիրությանն է պարտական, այլեւ ծնողներին: Ասում է՝ երբ փոքր աղջիկ էր, որեւէ մեկը չէր մտածում, որ ինքը դեսպան կդառնա եւ ելույթ կունենա Հայաստանում, բայց ինքը հասավ իր նպատակին:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ասում է՝ թեկուզ տոնացույցում հոկտեմբերի 11-ն է աղջիկ երեխայի օրը, մնացած օրերն էլ են աղջիկներինը, որոնք ուրախությամբ լցնում են ցանկացած տուն։ Ինքն այդ գիտի որպես աղջկա հայր։ Նա նաեւ Խաչիկում գտնվելու ուրախության առիթ էլ ունի։ Քանի որ եղանակը տաք է, Շոմբի Շարփը զգեստափոխվում է եւ ֆուտբոլ խաղում խաչիկցի աղջիկների հետ։
Ի դեպ, Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները սկսել են նվազել: Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 և 2020 թվականներին հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 Է:
Մանրամասները՝ տեսանյութում