Կորցրել ենք մի քաղաք, որը կրում էր ազգային մայրաքաղաքի երազանքը․ Բալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՃարտարապետ, տեսաբան Կարեն Բալյանն այսօր «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» միջազգային գիտաժողովին հանդես եկավ «Քաղաքը, որպես ժառանգություն․ Երևանի ուտոպիաներն ու իրականությունները» ելույթով, որը ներկաներից ոմանք որակավորեցին որպես հոռետեսական։
Կարեն Բալյանը ծնվել է Գյումրիում, ապրել Երևանում, ուսանել և ապրում է Մոսկվայում, բայց իր ողջ գործունեությամբ կապված է, թերևս, Երևանի հետ։
«Թամանյանական Երևանն ավելին է, քան կամարակերտ քաղաք։ Կամարներ շատ կարելի է կառուցել, կառուցվել են և՛ Թամանյանից հետո, և՛ հիմա են կառուցվում, բայց դա չի մեր ազգային ճարտարապետության իմաստը, այլ այն ոգին էր, որ դարձրեց Երևանը հայոց մայրաքաղաք։ Քաղաք, որը պետք է անընդհատ զարգանար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Բալյանը։
Ճարտարապետի խոսքով, Թամանյանից հետո ստալինյան ճարտարապետությունն արդեն արտաքուստ էր կրկնում ազգային ճարտարապետությունը, թողնելով ձևը, բայց չեզոքացնելով ազգային գաղափարը։
«Արարատին նայող քաղաքի փոխարեն ստեղծեցին պատկեր դեպի Ստալինի արձանը և կենտրոնը տեղափոխեցին Կենտկոմի շենք՝ կորցնելով հրապարակի ազդեցությունը։ Այսօրվա իրավիճակը, կարծում եմ, մեկնաբանություններից դուրս է, քանի որ միայն և միայն շահի գաղափարն է։ Եվ ավաղ, կարող ենք միայն փաստել, որ կորցրել ենք մի քաղաք, որը տասնամյակներ շարունակ՝ մինչև 1988 թիվը, ազգային մայրաքաղաքի երազանքն էր կրում»,- եզրափակեց խոսքը պարոն Բալյանը։
Հարցին՝ թե արդյոք որևէ ելք տեսնում է, ճարտարապետը պատասխանեց․ «Ուղղելը շատ դժվար է, քանի որ կտավ չի, որ վրայից նկարես, բայց գոնե տենդենցները պետք է փոխվեն։ Ոմանք ինձ ասում են, որ պետք է փորձել ընտելանալ ու հաշտվել իրականության հետ։ Սակայն ես այդպես չեմ կարող»։