Անիծված լինի այն օրը, որ 20 000 եվրո ստացա Իսրայել պետությունից․ կինոռեժիսոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդը, որի «Ահեդի ծունկը» ֆիլմով մեկնարկեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, այսօր հանդիպեց լրագրողների, կինոսերների և կինոգործիչների հետ։ Նշենք, որ Լապիդի «Հոմանիշներ,» ֆիլմը 2019-ին արժանացել էր Բեռլինի Ոսկե արջի դափնեկրի կոչման, իսկ «Ահեդի ծունկը»՝ 2021-ին Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։
«Չնայած որ, «Ահեդի ծունկը» ֆիլմը անդրադառնում է հետպատերազմական իրադարձություններին, սակայն իմ ցանկությունն է, որ մարդկանց միավորեն, ոչ թե կոնֆլիկտները, այլ սերը դեպի կինոն», -ասել էր կինոռեժիսորը։
Նրա խոսքով, իր բոլոր ֆիլմերը նկարահանվել են Իսրայելում, սակայն երբ գրել է «Ահեդի ծունկը» ֆիլմի սցենարը, երկրում գրաքննության գագաթնակետն էր, և քանի որ ֆիլմը սադրիչ էր, աշխատել է թաքուն պահել լրագրողներից։
«Ես չէի վախենում, որ ինձ կձերբակալեն, քանի որ Ռուսաստանում չէի, բայց այն, որ խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ այլ ձևեր ու միջոցներ կան, անխոս գիտեի, և պարզ էր, որ իմանալու դեպքում, ինձ թույլ չէին տա այս ֆիլմը նկարել»,- խոստովանեց կինոռեժիսորը և հավելեց, որ սա այն ֆիլմն է, որում իրեն պահել է ասես չափահասների հայացքից հեռու անչափահաս, որ արել է այն, ինչ ցանկացել է։
«Սակայն հետո կգա չափահասն ու կասի, որ մենք քեզ սա թույլ չենք տվել և ինչու գումար պետք է տանք այս հիմարությունը նկարահանելու համար։ Անիծված լինի այն օրը, որ ես 20 հազար եվրո պետական գումար ստացա և մինչև հիմա պետք է պատասխան տամ։
Ես ուզում էի ստեղծել ֆիլմ, որը մոտ էր իմ զգացմունքներին։ Կյանքում տարբեր փուլեր կան։ Կա ժամանակ, որ չես կարող քեզ զսպել և ասում ես բաներ, որի համար հետո միգուցե և փոշմանես, բայց արդեն ասել ես։ Ես այդ փուլում էի գտնվում»։
Կինոռեժիսորի խոսքով, «Ահեդի ծունկը» ֆիլմը մարդկանց և մարդ լինելու մասին է, իսկ մարդ լինել, նշանակում է ապրել երկնքի տակ։
«Տարիներ շարունակ փորձել եմ իմ ֆիլմերը սկսել երկնքից, վերջապես ստացվեց։ Ինչ վերաբերում է այն, որ ֆիլմի սկիզբը կոնտեքստ չունի և անհասկանալի է՝ դա ճիշտ է, քանի որ, եթե հասկանալի լիներ, ֆիլմը կենդանի չէր լինի։ Երբ ֆիլմը փորձում ես դասակարգել, ֆիլմը մեռնում է»,- ընդգծեց Նադավ Լապիդը։